Ի՞նչ պետք է անել առողջ եւ գեղեցիկ մաշկ ունենալու համար, եւ ամեն օր ինչպե՞ս պետք է խնամել մաշկը: NEWS.am Medicine-ն այս հարցերի պատասխանը ճշտեց բժիշկ-կոսմետոլոգ, մաշկաբան Լիլիթ Հարությունյանից:
Մեր զրուցակիցը նշեց, որ նախեւառաջ պետք է պարզել մաշկի տեսակը, հետո նոր մտածել խնամքի միջոցների ընտրության մասին: Մասնագետների մեծ մասը տարբերակում է մաշկի 4 տեսակ՝ չոր, զգայուն, յուղոտ եւ խնդրահարույց: Յուրաքանչյուր տեսակ պահանջում է առանձին խնամք, հատկապես ձմռան ամիսներին:
Յուղոտ մաշկ
Մասնագետի խոսքով՝ յուղոտ մաշկն անհրաժեշտ է մաքրել օրական երկու անգամ: Սնուցող քսուքները յուղոտ մաշկի դեպքում, որպես կանոն, հակացուցված են, իսկ ահա խոնավեցնող քսուքները չեն խանգարի, պարզապես պետք է ճիշտ խոնավեցնող միջոց ընտրել:
Չոր մաշկ
Չոր մաշկը սովորաբար ավելի գեղեցիկ եւ խնամված է երեւում, քան յուղոտը, սակայն այս տեսակի մաշկի գլխավոր խնդիրն այն է, որ այն շուտ եւ արագ է կնճռոտվում: Մասնագետը խորհուրդ է տալիս կնճիռներից խուսափելու համար ամեն օր խոնավեցնել մաշկը եւ սնուցել, իսկ մաքրել անհրաժեշտ է սպիրտ չպարունակող խնամքի միջոցներով՝ տոնիկ, լոսյոն, գել:
Զգայուն մաշկ
Զգայուն մաշկ ունեցող մարդիկ եւս ցանկալի է, որ մոռանան սպիրտ պարունակող խնամքի միջոցների մասին եւ օգտագործեն այնպիսի խոնավեցնող քսուքներ, որոնք հարուստ են մաշկի մեջ ներծծվելու ունակ վիտամիններով (մասնավորապես E եւ D)
Խնդրահարույց մաշկ
Այս տեսակի մաշկը, ինչպես որ ենթադրվում է, ամբողջովին այլ խնամք է պահանջում: Նման մաշկ ունեցող մարդիկ նախեւառաջ պետք է պարզեն խնդիրների պատճառը՝ հորմոնալ անհավասարակշռություն, աղիների գործունեության խանգարում եւ այն, հետո նոր մտածեն բուժման (կոսմետոլոգիական կամ դեղամիջոցային) եւ խնամքի միջոց ընտրելու մասին:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day