Արյան քաղցկեղի դեպքում, որը, ցավոք սրտի, վերջերս ավելի հաճախ է հանդիպում, առաջին հերթին, գործող ստանդարտների համաձայն, քիմիաթերապիա է կիրառվում, որի արդյունավետությունը 50-60 տոկոս է: Եթե քիմիաթերապիան չի օգնում, պետք է օգնի ցողունային բջիջների փոխպատվաստումը, որի դեպքում ապաքինման հավանականությունը 60 տոկոս է կազմում:
Ինչպես պատմեց «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական ֆոնդի նախագահ Սեւակ Ավագյանը, ցողունային բջիջների փոխպատվաստման հիմնական բարդությունը կայանում է դոնոր գտնելու մեջ: Պացիենտն ու դոնորը պետք է լինեն 100 տոկոսով համադրելի, իսկ այդպիսի դոնոր գտնելը նույնիսկ մոտ բարեկամների մեջ շատ դժվար է: Եթե մարդու ընտանիքում չորս երեխա կա, հավանականությունը, որ նրանցից երկուսը գենետիկորեն ամբողջապես համադրելի կլինեն, 25 տոկոսից ցածր է՝ էլ չխոսելով այն փաստի մասին, որ չորս երեխա ունեցող ընտանիքներն այսօր շատ քիչ են:
Սակայն այսօր ծնողները կարող են նախապես, դեռեւս հղիության ընթացքում մտածել երեխային դոնորով ապահովելու մասին: Երեխայի ծնվելուց բժիշկները կարող են նախապես վերցնել նրա պորտալարի արյունը, որից էլ հանեն ցողունային բջիջները եւ սառեցնեն դրանք: Եթե երեխան հանկարծ հիվանդանա եւ փոխպատվաստման կարիք ունենա, նա արդեն ստիպված չի լինի դոնոր փնտրել, փոխարենը կօգտագործի իր սեփական ցողունային բջիջները:
Ինչպես բացատրեց Սեւակ Ավագյանը, պորտալարի արյան մեջ պարունակվում են բազմաթիվ շատ թանկարժեք ցողունային բջիջներ՝ նոր ու երիտասարդ, եւ դրանց շնորհիվ ապագայում հնարավոր կլինի բուժել ոչ միայն արյան քաղցկեղը, այլ նաեւ մի շարք այլ հիվանդություններ, որոնց թիվն ավելանում է օրեցօր: Այդ պատճառով մասնագետները ցողունային բջիջների օգտագործման մեջ բժշկության ապագան են տեսնում: Այսօր այս ուղղությամբ բազմաթիվ հետազոտություններ են իրականացվում: Ցողունային բջիջների միջոցով փորձում են բուժել որ միայն քաղցկեղը, այլ նաեւ, օրինակ, Ալցհեյմերի հիվանդությունն ու մի շարք այլ հիվանդություններ:
Հայաստանում ցողունային բջիջները պորտալարից հավաքելու ու պահելու հնարավորություն առաջացավ անցած տարվա հոկտեմբերին: Այս հնարավորությունից արդեն իսկ օգտվել է 12 մարդ: Շատ հայերի համար այս ծառայությունը, ցավոք, մատչելի չէ ֆինանսական տեսանկյունից: Բջիջները հավաքելը արժե մոտ 1000 դոլար, իսկ պահպանելը՝ 50 դոլար տարեկան: Սակայն, ինչպես նշում են մասնագետները, այս գումարը կարող է հեռանկարային ներդրում դառնալ, իսկ պահպանված բջիջները կարող են փրկել երեխայի կյանքը:






