Դա Ձեզ համար ոչ մի վտանգ չի ներկայացնում, դուք ոչ մի անհարմարություն չեք զգա ու միայն հաճույք կստանաք նրանից, որ կարող եք փրկել ինչ- որ մեկի կյանքը: Ձեր ինքնագնահատականը կբարձրանա: Նման խոսքերով էր այսօր՝ սեպտեմբերի 17-ին, դոնորներին ողջունում Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի բժշկական տնօրեն Միհրան Նազարեթյանը՝ «Միլիոնավոր շնորհակալություններ» ակցիայի ընթացքում:

Ընդ որում նա նշել է, որ նախընտրում է օգտագործել ոչ թե դոնոր, այլ նվիրատու բառը:

Հայաստանի մանուկների հիմնադրամի ու Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի համատեղ ակցիայի շրջանակում, որը նվիրված է Ոսկրածուծի դոնորների միջազգային օրվան (այն առաջին անգամ է նշվում սեպտեմբերի 19-ին) Հայաստանի Արմավիրի շրջանի Մյասնիկյան, Դալարիկ, Քարակերտ, Շենիկ, Սարդարապատ ու Լեռնագոգ համայնքներում բոլոր ցանկացողները արյուն են հանձնել, որպեսզի գրանցվեն ռեեստրում:

Մյասնիկյան գյուղի բուժկենտրոնում մի քանի համայնքների կամավորներ լրացրել են հատուկ հարցաթերթիկներ ու 5 ական միլիլիտր արյուն են հանձնել: Ինչպես պարզաբանեց Ոսկրածուծի դոնորների հայկական հայկական ռեեստրի գործադիր տնօրեն Սեւակ Ավագյանը՝ արյունը տարվելու է ռեեստրի լաբորատորիա, որտեղ այն ուսումնասիրելու են գենետիկ մակարդակով ու տվյալները մտցնելու են համակարգիչ: Դրանով իսկ այսօրվա մասնակիցները պոտենցիալ դոնորներ են դառնալու: Իրական դոնորներ նրանք կարող են դառնալ այն ժամանակ, երբ կպարզվի, որ նրանք համատեղելի են որեւէ հիվանդի հետ, որը կարող է լինել աշխարհի ցանկացած երկրի բնակիչ:

Ինչպես պարզաբանել է Միհրան Նազարեթյանը՝ Ոսկրածուծի դոնորների համաշխարհային կազմակերպությունը, որի անդամն է նաեւ Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը, ունի 25 մլն դոնոր՝ մոլորակի 7 մլրդ բնակիչների համար: Հայկական ռեեստրում 27 հազար դոնոր կա, որոնցից 60-65 տոկոսը Հայաստանի բնակիչներ են, 35-40 տոկոսը՝ սփյուռքահայեր: Ռեեստրը հույս ունի, որ մոտ ժամանակներս այս թիվը կհասցնի 30 հազարի: Միհրան Նազարեթյանը նաեւ նշեց, որ Հայկական ռեեստրում ընդգրկված դոնորները կարող են օգնել ցանկացած ազգության հիվանդի՝ աշխարհի ցանկացած երկրում, բայց ռեեստրը ստեղծվել է առաջին հերթին հայերի համար, քանի որ հայերի գենետիկ համապատասխանության հավանականությունը  շատ ավելի մեծ է: Նա նաեւ հայտնել է, որ ԱՊՀ մնացած երկրներում նման ռեեստր դեռ չկա:

Քարակերտ համայնքի բնակիչ Հայկ Սարգսյանը, ով նույնպես եկել էր արյուն հանձնելու, լրագրողներին պատմել է, որ ինքն առաջին անգամ չէ դոնոր դառնում, ու անում է դա՝ գիտակցելով, որ կարող է օգնել ինչ -որ մեկի կյանքը փրկելուն:

Դոնորներին ողջունել են Արմավիրի Փոխմարզպետ Լարիսա Մուրադյանը ու Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանը:

Անուշ Եդիգարյանը լրագրողներին պատմել է, որ Արմավիրի մարզի բնակիչների հետ աշխատելը շատ հեշտ էր, կարիք չկար որեւէ մեկին համոզել, որ դոնոր դառնա, ու մոտավորապես 200 մարդ պատրաստակամությամբ նախապես գրանցվել էր:

Հիշեցնենք, որ Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) եւ «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» (ՈԴՀՌ) բարեգործական հիմնադրամը 2015թ. սեպտեմբերի 17-ին եւ 19-ին հանդես են գալիս «Միլիոնավոր շնորհակալություններ» խորագիրը կրող համատեղ նախաձեռնությամբ, որը նվիրված է առաջին անգամ նշվող Ոսկրրածուծի դոնորների համաշխարհային օրվան։ NEWS.am Medicine–ը հանդես է գալիս որպես նախաձեռնության մեդիա պարտներ։ 

[gallery id=53]

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի