Ցողունային բջիջները, որոնցից ստեղծվում է մեր արյունը, եւ որոնք անհրաժեշտ են մի շարք հիվանդությունների բուժման համար, ոչ մի տեղից չի կարելի գնել եւ չի կարելի վերցնել կենդանիներից: Մարդու համար ցողունային բջիջների աղբյուր կարող է լինել միայն մարդը, ընդ որում, միայն համատեղելիության առկայության դեպքում: Այս մասին հայտարարեց Ոսկրածուծի հայկական ռեեստրի բժշկական տնօրեն Միհրան Նազարեթյանը՝ Արմավիրի շրջանի Մյասնիկյան համայնքում պոտենցիալ դոնորներին բացատրելով, թե ինչու է դա անհրաժեշտ, եւ ինչպես կարելի է դառնալ դոնոր:
Նա նշեց, որ ոչ ոքի չի պատրաստվում համոզել, առավել եւս պարտադրել, պարզապես յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ հիվանդություններից ոչ ոք ապահովագրված չէ:
Նազարեթյանը պարզաբանեց, որ ամենահամատեղելի դոնորները քույրերը եւ եղբայրներն են, բայց մեկ ընտանիքում պետք է լինի չորս կամ հինգ երեխա, որպեսզի նրանցից առնվազն երկուսը համատեղելի լինեն:
«Այսօր մեր ընտանիքներում ծնվում է ամենաշատը երեք երեխա, ու ընտանիքի անդամներից որեւէ մեկի հիվանդանալու դեպքում ընտանիքում դոնոր գտնելու հավանականությունը շատ փոքր է»,-ասաց նա:
Իսկ արդյոք դոնոր չե՞ն կարող լինել մայրն ու հայրը: Նազարեթյանի խոսքով՝ մայրը պղպեղն է, հայրը՝ աղը: Նրանց երեխաները աղի եւ պղպեղի խառնուրդ են, այդ պատճառով էլ նրանք կարող են մեկը մյուսի համար դոնոր լինեն, սակայն հայրն ու մայրը չեն կարող:
Այս պատճառով, նշեց բժիշկ Նազարեթյանը, մենք կարեւորում ենք դոնորների թիվը, քանի որ որքան շատ են պոտեցիալ դոնորները, այնքան ավելի մեծ է համատեղելի դոնոր գտնելու հավանականությունը:
«Այսօր մեր ռեեստրում 27 000 գրանցված դոնոր կա: Նման թվի պարագայում անհրաժեշտ դոնոր գտնելու հավանականությունը մոտավորապես 4-8 տոկոս է: Այդ պատճառով դոնորների թիվը պետք է մեծանա»,-նշեց նա:
Նազարեթյանը ավելացրեց, որ այդ 27 000 դոնորները ոչ միայն Հայաստանի, այլեւ սփյուռքի բնակիչներ են։ Եվ նրանք ոչ միայն Հայաստանի, այլեւ մոտ 10 մլն հայության եւ 7 մլրդ մարդկության դոնորներն են:
«Այնուամենայնիվ, հայերի շրջանում համատեղելի դոնոր եւ ռեցիպիենտ գտնելու հավանականությունը շատ ավելի բարձր է»,-ավելացրեց նա: Նա հույս ունի, որ մոտ ապագայում այդ թիվը կհասնի 30 000-ի:
Ինչպե՞ս են դոնոր դառնում: Նազարեթյանի խոսքով՝ պոտենցիալ դոնորն իր տվյալներով անկետա է լրացնում, որի տակ ստորագրում է, որից հետո 5 մլ արյուն է հանձնում հետազոտության համար:
Արյունը քննվում է ոսկրածուծի ռեեստրի լաբորատորիայում, եւ տվյալները մուտքագրվում են բազա: Որեւէ հիվանդի տվյալների հետ համընկնելու դեպքում դոնորին կանչում են ռեեստր, այդ ժամանակ նրանից վերցնում են որոշակի քանականությամբ արյուն, որից անջատվում են ցողունային բջիջները ռեցիպիենտին փոխպատվաստում անելու համար:
«Թող ձեզ չմոլորեցնի ողկրածուծ բառը, այդտեղ ոչ մի ցավոտ բան չկա: Այսօր մենք հասել ենք նրան, որ պարզապես երակից արյուն ենք վերցնում»,-ասաց նա:
Հիվանդի տեսանկյունից դոնորի առկայությունն իր ապաքինվելու հնարավորությունն է: Իսկ ի՞նչ է դա տալիս դոնորին: Նազարեթյանի կարծիքով՝ դոնորին դա տալիս է հպարտության զգացում եւ բարձրացնում նրա ինքնագնահատականը:
Հիշեցնենք, որ այսօր Արմավիրի մարզի բնակիչները Մյասնիկյան համայնքի բուժկենտրոնում արյուն են նվիրաբերել, ոսկրածուծի դոնոր դառնալու համար։ Ակցիան կազմակերպել են Հայաստանի մանուկների հիմնադրամն ու Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը։ NEWS.am Medicine-ը հանդես է եկել որպես մեդիագործընկեր։






