• Latest news

Երիտասարդի պոկված եւ կարված ձեռքը նորմալ կգործի

9 փետրվարի, 2014  00:01

Հիվանդի ձեռքը, որը պոկվել էր դժբախտ պատահարի արդյունքում, իսկ հետո կարվել  №1 հիվանդանոցում, նորմալ գործելու է, բայց դրա համար ժամանակ է պետք:  Այսպիսի կանխատեսում են անում տուժած Կարո Սիմոնյանի բուժող բժիշկը եւ վիրաբույժը, ում այցելել էր NEWS.am Medicine-ի թղթակիցը:

Մեզ հաջողվեց պարզել, որ դժբախտ պատահարը տեղի էր ունեցել հունվարի 27-ին՝ շինհրապարակում, երբ Կարո Սիմոնյանի ձեռքը մնացել էր պատի եւ վերելակի արանքում, պոկվել եւ 11-րդ հարկից ընկել էր վայր: Փրկարարների օգնությամբ տուժածը տեղափոխել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ ստացել էր առաջին օգնությունը, հետո նրան տեղափոխել էին  №1 հիվանդանոց: Այս ամենը տեղի էր ունեցել  պլաստիկ եւ ռեկոնստրուկտիվ վիրաբուժության ամբիոնի ասիստենտ, պլաստիկ վիրաբույժ Աբրահամ Դանիելյանի հերթապահության ժամանակ:

«Հակաշոկային եւ ռեանիմացիոն միջոցառումներից հետո մենք նրան տեղափոխեցինք վիրահատարան եւ սկսեցինք վիրահատությունը: Վնասվածքի մեխանիզմը շատ բարդ էր, եւ ձեռքը վերականգնելը տեխնիկապես հեշտ չէր: Բայց կարեւորն այն է, որ հիվանդը շատ ժամանակ չէր կորցրել.  վնասվածքը ստանալուց 1,5  ժամ հետո նա արդեն վիրահատարանում էր», - պատմեց Դանիելյանը:

Վիրահատությունը, որըկատարել է Երեւանի պետական բժշկական համալսարանի պլաստիկ վիրաբուժության  ամբիոնի վարիչ Արտավազդ Սահակյանը, տեւել է մոտ 6,5 ժամ:

Սահակյանի խոսքով, վիրահատությունը «բավականին դժվարությամբ պսակվեց հաջողությամբ» շնորհիվ վերակենդանացման բաժանմունքի բժիշկների, անեսթեզիոլոգների, միկրովիրաբույժների թիմի եւ վնասվածքաբանների սերտ համագործակցության: «Արդյունքում մենք կարողացանք եւ փրկել հիվանդի կյանքը, եւ վերականգնել կորցված վերջույթը», - ասաց Սահակյանը:

Վիրահատությունից մի քանի ժամ հետո բժիշկները բացահայտել են, որ հիվանդի մոտ առկա է երակային կանգ, երակային թրոմբոզ, եւ վերջույթի արյան շրջանառությունը խախտվել է: Միանգամից իրականացվել է երկրորդ վիրահատությունը, որի ընթացքում  հիվանդի ձեռքի մեջ փոխպատվաստել են ոտքի երակներ:

Հիմա Կարո Սիմոնյանն արդեն հիվանդասենյակում է, եւ բժիշկները նրա վիճակը գնահատում են բավարար։ Ըստ նրանց, ձեռքը նորմալ սնուցվում է։

Նա չուզեց հիշել եւ պատմել, թե ի՞նչ է տեղի ունեցել շինհրապարակում, մինչդեռ բավականին լավ տեսք ուներ, ժպտում էր եւ կատակում: «Սենց բան ես մենակ սարսափ ֆիլմերի մեջ էի տեսել, մեկ էլ ինձ վրա», - ասաց նա։

Երեկոյան նա սպասում է կարեւոր հյուրի՝ իր ընկերուհուն, եւ նույնիսկ մի փունջ վարդեր է պատրաստել նրա համար:

NEWS.am Medicine-ի թղթակցին Սիմոնյանը պատմեց, որ արդեն ծակծկոցներ եւ ցավ է զգում մատներում եւ լավատեսորեն է տրամադրված: Բժիշկների տրամադրվածությունը նույնպես դրական է, բայց նրանք ասում են, որ  վերջույթի աշխատունակության ամբողջական վերականգնման համար ժամանակ է պետք: Արտավազդ Սահակյանի խոսքով, 6-8 ամիս է անհրաժեշտ, որպեսզի նման վնասվածքով հիվանդը սկսի շարժել մատները:

Ինչպես կարծում է պլաստիկ վիրաբույժ Աբրահամ Դանիելյանը, Կարո Սիմոնյանի լիարժեք վերականգնման համար կպահանջվի երկու տարի: «Միայն վերջույթի սնուցումը ապահովելով չէ: Կա ֆունկցիոնալ փուլ, որ պետք է հիվանդը անցնի։ Այնտեղ ներառվում է ֆիզիոթերապեւտիկ բուժում, նյարդերը պետք է վերականգնվեն», - ասաց նա:

Մոտ ապագայում նախատեսվում է իրականացնել եւս մի քանի վիրահատություն՝ վերջույթի վնասված մաշկը եւ մկանները վերականգնելու համար:

Արտավազդ Սահակյանն նշեց նաեւ, որ նախկինում իր թիմն արդեն կատարել է նման վիրահատություններ: «Մենք Սասուն անունով հիվանդ ենք ունեցել Ղարաբաղից, նրա ձեռքն ամբողջությամբ վերականգնվել է եւ գործում է: Մեզ համար նման վիրահատությունները նորություն չեն, այլ առօրյա աշխատանք արդեն 30 տարի», - ասաց նա:

Հանդիպման ավարտին Սահակյանը նշեց, որ վերջին ժամանակներս նման ծանր վնասվածքներով հիվանդները հիվանդանոց են ընդունվում Աբրահամ Դանիելյանի եւ բուժքույր Արմինեի հերթապահության ժամանակ: «Ես արդեն սարսափով եմ սպասում իրանց հերթապահություններին», - ժպիտով ասաց նա:

Ամալիա Գաբրիելյան

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել