• Latest news

Ծխելը եւ պասիվ ծխելն ինչպես են ազդում ոսկրերի առողջության վրա

5 նոյեմբերի, 2015  18:42

Շատերը գիտեն, որ ծխելը մեծացնում է քաղցկեղի մի քանի տեսակների զարգացման հավանականությունը։ Շատերը նույնիսկ գիտեն, որ ծխելը վերարտադրողական առողջության եւ պոտենցիայի հետ կապված խնդիրների է հանգեցնում։ Սակայն քչերն են լսել ոսկրերի առողջության վրա ծխախոտի ծխի ավերիչ ազդեցության մասին։  

Թե իրականում ծխելն ինչպես է ազդում մեր ոսկրերի վրա եւ ինչ խնդիրներ կարող է ստեղծել, NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է Ամերիկյան համալսարանի Հանրային առողջության դպրոցի դեկան Վարդուհի Պետրոսյանը։

Մասնագետի խոսքով, ծխելը ոսկրերում նյութափոխանակության խանգարման եւ ոսկրային զանգվածի կորստի պատճառ է դառնում, ինչը մեծացնում է օստեոպորոզի եւ ջարդվածքների վտանգը։ Եթե երեխան մանուկ հասակում ենթարկվել է ծխախոտի ծխի ազդեցությանը, տարիներ անց, երբ նա մեծանա, կարող է ոսկրերի հետ կապված խնդիրներ ունենալ. Ոսկրային հյուսվածքը կսկսի վնասվել, իսկ ջարդվածքների ռիսկը էականորեն կաճի։ Իսկ մարդը չի էլ կասկածի, որ անսպասելի ջարդվածքները կապված են ծխի հետ, որը նա շնչել է հեռավոր անցյալում։ Հենց դրա համար էլ օստեոպորոզը կոչում են «մանկական հիվանդություն, որն արտահայտվում է մեծ հասակում»։

Խնդիրն այն է, որ Հայաստանում շատ մեծ թիվ են կազմում ծխող տղամարդիկ եւ ամենից հաճախ ծխում են հարազատների ներկայությամբ՝ նրանց առողջությունը եւս վտանգի ենթարկելով։ 

«Տարբեր տվյալների համաձայն, տղամարդկանց 55-ից 63 տոկոսը Հայաստանում ծխում է։ Ինչպես ցույց են տվել մեր հետազոտությունները, տնային տնտեսությունների ավելի քան 80 տոկոսը ծխախոտի ծխի ազդեցությանն է ենթարկվում, նույնիսկ եթե իրենք չեն ծխում։ Տների մեծամասնությունում ծխելու առումով ոչ մի սահմանափակում չկա, եւ չծխող մեծահասակները, ինչպես նաեւ երեխաները պասիվ ծխող են դառնում», - նշել է Վարդուհի Պետրոսյանը։

Հետաքրքիր է, որ ծխելն ազդում է ոչ միայն կոտրվածքների եւ օստեոպորոզի զարգացման վտանգի վրա, այլեւ՝ այդ ջարդվածքներից հետո ապաքինման։ Ինչպես նշել է մասնագետը, ծխողների մոտ ջարդվածքից հետո վերականգնվելու գործընթացն անհամեմատ ավելի բարդ ու դանդաղ է ընթանում եւ վերականգնման ընթացքում որպես կանոն բազմաթիվ խնդիրներ եւ բարդություններ են առաջանում, քան չծխողների։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել