• Latest news

Մարդկանց երկու երրորդը կարծում է, թե գրիպը հակաբիոտիկներով են բուժում. ԱՀԿ

18 նոյեմբերի, 2015  20:35

Մարդկանց մեծամասնությունը պատկերացում չունի, թե ինչ հիվանդությունների բուժման համար կարելի է հակաբիոտիկներ կիրառել, ոչ էլ այն մասին, թե ինչից է առաջանում այդ դեղամիոջների հանդեպ անզգայությունը: Նման եզրակացության են հանգել Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները աշխարհի 12 երկրում 10 000 մարդու մասնակցությամբ իրականացված հետազոտության արդյունքում: 

Մասնավորապես, հարցվածների երկու երրորդը (64 տոկոս) համոզված է, որ գրիպը եւ մրսածությունը հակաբիոտիկներով են բուժում: Իրականում այդպես չէ. հակաբիոտիկները կարող են արդյունավետ լինել միայն մանրէների դեմ, իսկ հարուցիչների դեմ անզոր են եւ գրիպը հենց վարակիչ հիվանդություն է: 

Ավելին, պատասխանողների 32 տոկոսը ենթադրում է, որ հակաբիոտիկներով բուժման կուրս անցնելը բոլորովին էլ պարտադիր չէ եւ դեղամիջոցների ընդունումը կարելի է դադարեցնել ինքնազգացողության բարելավումից հետո: Այնինչ` բուժման ընդհատված կուրսը հակաբիոտիկների դեմ դիմադրողականության զարգացման հիմնական պատճառներից մեկն է: 

Հարցվածների մեկ քառորդը պատրաստ է այնպիսի հակաբիոտիկներ ընդունել, որոնք իրեն խորհուրդ են տվել ընկերները կամ մտերիմները, եթե նրանց հիվանդության ախտանիշները նման են եղել իրենին: Նման պահվածքը եւ հակաբիոտիկների չարդարացված ընդունումը եւս նպաստում է դրանց հանդեպ դիմադրողականության զարգացմանն ու տարածմանը: 

Հարցվածների մեկ երրորդը նաեւ ասել է, որ լսել է հակաբիոտիկների հանդեպ դիմադրողականության մասին, սակայն դրա հետեւանքները իր եւ իր ընտանիքի անդամների համար պարզ չեն եղել:  Ցավոք, պարզվել է, որ այս խնդրի վերաբերյալ նրանց գիտելիքներն էլ ճշգրիտ չեն. մասնակիցների 76 տոկոսը վստահ է եղել, որ հակաբիոտիկների հանդեպ կայուն է դառնում հիվանդի օրգանիզմը, ոչ թե մանրէները, մինչդեռ ճիշտը երկրորդ տարբերակն է:  Պատասխանողների 66 տոկոսը համարում է, որ հակաբիոտիկների ընդունումը կօգնի կանխարգելել հակաբիոտիկակայունության վարակով վարակվելու հնարավորությունը: 

Հարցվածների 64 տոկոսը ենթադրում է, որ հակաբիոտիկների հանդեպ դիմադրողականության խնդիրը բժիշկները կկարողանան լուծել ավելի շուտ, քան դա կհասցնի լրջանալ, իսկ  57 տոկոսը կարծում է, որ նրանք ոչինչ չեն կարողանա անել այդ խնդրի դեմ պայքարելու համար: 

ԱՀԿ-ի փորձագետները համարում են, որ անհրաժեշտ է բարձրացնել հիվանդների տեղեկացվածությունը հակաբիոտիկների դեմ դիմադրողականության աճող խնդրի վերաբերյալ: Ի վերջո, հենց իրենց չիմացությամբ են մարդիկ նպաստում այդ խնդրի զարգացմանն ու տարածմանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել