Բրիտանական Reckitt Benckiser դեղագործական ընկերությանը մեղադրում են այն բանի համար, որ իր «Նուրոֆեն» ցավազրկող դեղամիջոցներով մարդկանց մոլորության մեջ է գցում: Ավստրալիայի Դաշնային դատարանը որոշել է վաճառքից հանել այս դեղամիջոցի որոշ տեսակներ: 

Հարցն այն է, որ ցավի կոնկրետ տեսակների (օրինակ` գլխացավի կամ թիկունքի ցավի) բուժման համար առաջարկվող դեղամիջոցների կազմը լրիվ միանման է, իսկ «Նուրոֆենի»-ի արտադրած բոլոր ցավազրկողների արդյունավետությունը լրիվ նույնն է, անկախ նրանից, թե ինչ է գրված փաթեթավորման վրա:  «Նուրոֆենի» հիմնական ազդող նյութը իբուպրոֆենն է, որի քանակությունը նույնն է ինչպես  «ստանդարտ» դեղամիջոցներում, այնպես էլ ցավի որոշակի տեսակի բուժման համար առաջարկվող միջոցներում:   Միաժամանակ այն դեղամիջոցների արժեքը, որոնք իբր նպատակաուղղված ազդեցություն ունեն ցավի կոնկրետ տեսակների վրա, երկու անգամ ավելի բարձր է, քան սովորական «Նուրոֆենինը»:

Ավստրալիայի դաշնային դատարանի որոշմամբ, դեղամիջոցները երեք ամսվա ընթացքում պիտի հանվեն ավստրալական դեղատներից: Արտադրողը համաձայնել է դատարանի եզրակացություններին, սակայն չի ընդունում այն փաստը, թե ընկերությունը փորձել է սպառողներին մոլորության մեջ գցել: