Ֆրանսիացի հետազոտողները նոր, քիչ ինվազիվ մեթոդ են մշակել, որի օգնությամբ հնարավոր է բարելավել թոքերի էմֆիզեմայով հիվանդների առողջությունը: Այդ հիվանդությունը զարգանում է թոքերի խրոնիկական օբստրուկտիվ հիվանդություն (ԹՔՕՀ) ունեցողների մոտ:
Մեթոդը ենթադրում է թոքերում մետաղական փոքր պարույրների տեղադրում, ինչն օգնում է բարելավել այդ օրգանի աշխատանքը: Այդ քիչ ինվազիվ մեթոդը, մասնագետների գնահատականով, կարող է ԹՔՕՀ-ով հիվանդների նկատմամբ հաճախ կիրառվող թոքերի ռեզեկցիայի այլընտրանք դառնալ:
Շառլ Ուգո Մարկետն ու իր գործընկերները հետազոտություն են իրականացրել, որին ԹՔՕՀ-ով 100 հիվանդ է մասնակցել, որոնցից որոշների մարմնում 20 մետաղական պարույր էին տեղադրել: Դրանից կես տարի անց հետազոտության բոլոր մասնակիցներին առաջարկել են թեստ անցնել, որի ընթացքում պիտի սահմանված ժամանակում հաղթահարեին առնվազն 54 մետրով ավելի, քան փորձարկման սկզբում:
Այն մարդկանց խմբում, ում մարմնի մեջ պարույր էին տեղադրել, խնդիրը հաղթահարել էր երկու անգամ ավելի շատ մասնակից, քան վերահսկիչ խմբից: Հիվանդները նաեւ տեղեկացնում էին, որ իրենց կյանքի որակը պարույրների տեղադրումից հետո էականորեն բարելավվել է, իրենց համար հեշտացել է շնչելը եւ ավելի քիչ են հազում:
ԹՔՕՀ-ը թոքերի հիվանդություն է, որով այսօրվա դրությամբ աշխարհում տառապում է մոտ 65 մլն մարդ: Նման հիվանդները քայլելու, աստիճան բարձրանալու դժվարություններ ունեն, նրանց համար դժվար է իրենց ինքնուրույն սպասարկելը: Ստանդարտ թերապիան ներառում է ստերոիդ դեղամիջոցների ինհալացիա եւ հատուկ վարժություններ: Հաճախ ԹՔՕՀ-ով հիվանդներին թոքի վնասված հատվածի հեռացման վիրահատություն է անհրաժեշտ լինում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day