Agostino Gemelli համալսարանական հիվանդանոցի (Իտալիա) հիմնադրամի ներկայացուցիչները Հայաստան այցի ընթացքում համագործակցության հուշագրեր են ստորագրել Հայաստանի առողջապահության նախարարության, բժշկական համալսարանի եւ հայկական կլինիկաներից մեկի հետ: Այդ հուշագրերի համաձայն, Agostino Gemelli-ի եւ Հայաստանի միջեւ համագործակցությունը կզարգանա երեք հիմնական ուղղությամբ:
Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է գլխավոր մենեջեր Էնրիկո Զամպրեդին, իտալական կլինիկայի եւ Հայաստանի Առողջապահության նախարարության միջեւ ստորագրված առաջին հուշագիրը ենթադրում է համագործակցություն առողջապահության ոլորտում: Այդ համագործակցության մանրամասները դեռ պետք է քննարկել:
Երկրորդ հուշագիրը, որը ստորագրված է Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի կողմից, ինչպես նշել, է Cattolica del Sacro Cuore բժշկական համալսարանի դեկան Ռոկկո Բելլանտոնեն, ենթադրում է ուսանողների փոխանակման եւ պրոֆեսորների վերապատրաստման ծրագրեր:
Երրորդ հուշագիրը ստորագրվել է Agostino Gemelli-ի եւ Արամյանց բժշկական կենտրոնի կողմից. բժշկական կենտրոնների միջեւ համագործակցության շրջանակում իտալացի մասնագետները կկարողանան հայ մասնագետներին օգնել բարդ հիվանդների բուժման գործում, իսկ որոշ հիվանդների, որոնց այս կամ այն պատճառով չեն կարողանա օգնել Հայաստանում, հնարավոր կլինի բուժման ուղարկել Agostino Gemelli կլինիկա: Դարձյալ համագործակցության շրջանակում կքննարկվի Ջեմելլի կլինիկայում բժիշկների վերապատրաստման եւ Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների ներդրման հնարավորությունը: Ինչպես նշել են իտալացի մասնագետները, փորձի փոխանակումը կարող է օգտակար լինել ինչպես հայ, այնպես էլ իտալացի մասնագետների համար:
Արամյանց ԲԿ-ի ղեկավար Սամվել Հարությունյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ Իտալիայում բուժման կարիք կարող են ունենալ, օրինակ, որոշ ուռուցքային հիվանդություններով մարդիկ. քիմիաթերապիայի եւ ճառագայթային թերապիայի տեսակներ կան, որոնք Հայաստանում առայժմ չեն կիրառվում: Կան նաեւ բարդ վիրահատություններ, որոնք այդ գործում փորձ ունեցող իտալացի բժիշկներն ավելի հեշտորեն կկատարեն:
Հայ բարդ հիվանդների բուժման կազմակերպչական եւ ֆինանսական հարցերը կողմերը դեռ պիտի քննարկեն: Գուցե հնարավոր լինի այդ գործընթացին կցել ապահովագրական ընկերություններին, նշել է Սամվել Հարությունյանը:
Agostino Gemelli համալսարանական կլինիկան խոշոր բազմապրոֆիլ պետական հիվանդանոց է Հռոմում Cattolica del Sacro Cuore համալսարանի բժշկական ֆակուլտետին կից: Դա Իտալիայի առաջավոր բժշկական կենտրոններից մեկն է, որը, իմիջիայլոց, կաթոլիկական եկեղեցու հովանու ներքո է, եւ, ինչպես նշել են նրա ներկայացուցիչները, առեւտրական նպատակներ չի հետապնդում:






