Մեծ Բրիտանիայի տասնյոթամյա բնակչուհի Մորնի Հարվին տառապում է խորհրդավոր հիվանդությամբ, որի հետեւանքով նրա աչքերն ու ականջները հաճախ արյունահոսում են: Նրա վիճակը բժիշկների համար առեղծված է մնում արդեն երեք տարի, որոնց ընթացքում աղջիկը տարբեր բուժական հաստատություններ է այցելում: Հիվանդության պատճառով նա գրեթե դուրս չի գալիս տնից:  

Ականջներից առեղծվածային արյունահոսությունը սկսվեց   2013-ին, երբ Մորնին արթնացավ եւ բարձին արյան կարմիր բծեր տեսավ: Վախեցած մայրը` Քեթրինը, նրան տարավ ընդհանուր բժշկի մոտ, որը մի քանի թեստ անցկացրեց` այդպես էլ չպարզելով խանգարման պատճառը: Հաջորդ երկու տարվա ընթացքում նա բազմիցս հանդիպեց տարբեր բժիշկների հետ, որոնք նրան խորհուրդ էին տալիս փոխել սննդակարգը` սննդից բացառելով որոշ սննդանյութեր` շաքարից մինչեւ կաթնամթերք: Սակայն այդ ամենից ոչինչ չօգնեց: 

Աղջկա վիճակը վատացավ, եւ անցյալ տարվա հուլիսին նրա աչքերից եւս սկսեց արյուն գալ: Որոշ ժամանակ անց օրական 5 անգամ արյունահոսություն սկսվեց աչքերից, ականջներից, քթից ու նույնիսկ եղունգներից: Հիվանդին զննել են ժամանակակից բժշկության գործնականում բոլոր ոլորտները ներկայացնող բժիշկներ, բայց նրանք մինչեւ այժմ չեն կարողանում հասկանալ, թե ինչի հետ գործ ունեն: Վերջին շաբաթներին Մորնիի մոտ նաեւ լեզվի եւ գլխամաշկի արյունահոսություն սկսվեց:   

Նա Մեծ Բրիտանիայում միակ հիվանդն է, որը նման տարօրինակ ախտանիշներ ունի: Բժիշկները նրան առեղծվածային աղջիկ են կոչում: Դժբախտաբար, որոշ մարդիկ Մորնիի հասցեին չար մեկնաբանություններ են անում, որոնց պատճառով նա քիչ է լինում փողոցում: Չնայած իր բոլոր տառապանքներին, Մորնին ու իր մայրիկը հույս ունեն, որ բժիշկներն ի վերջո կգտնեն հիվանդության պատճառը եւ կկարողանան բուժել նրան: