Այսօր Հայաստանում դեղերի շրջանառության վերաբերյալ ցանկացած հարցի պատասխանելիս` առողջապահության ոլորտի ղեկավարները վկայակոչում են «Դեղերի մասին» մշակվող օրենքը` հավաստիացնելով, որ այն վերջապես կլուծի բոլոր հարցերը, որ կապված են ոլորտի կանոնակարգման, մաքսանենգ առեւտրի կասեցման, դեղերի գնի կարգավորման եւ ամենակարեւորը` ոլորտի մենաշնորհման սպառնալիքի հետ: Սակայն ոլորտի շատ ներկայացուցիչներ` փոքր ընկերությունների եւ ոչ ցանցային դեղատների ղեկավարներ, ճիշտ հակառակն են պնդում. օրենքը համապատասխանում է խոշոր մատակարարների շահերին եւ ոլորտի մենաշնորհման է տանում:
Առողջապահության ոլորտի ղեկավարները երեք հիմնական փաստարկ են բերում. դեղերի ցուցակ, որոնք փոխհատուցելու է պետությունը, եւ դա կզսպի շուկայում գները, դեղատնային գործունեության եւ մեծածախ վաճառքի տարաբաժանում (գործունեության այս երկու տեսակի համար երկու տարբեր արտոնագիր է ենթադրվում), եւ զուգահեռ ներմուծման թույլտվություն: Որո՞նք են հակափաստարկները.
1.Փոխհատուցվող դեղամիջոցների ցուցակ
Այս ցուցակը չափազանց փոքր է, այն պիտի ներառի մոտավորապես 40 անուն դեղ, մինչդեռ Հայաստանում ավելի քան 4000 դեղամիջոց է գրանցված: Դեղագործական խոշոր ընկերությունները հանգիստ կկարողանան փոխհատուցել այդ դեղամիջոցների ցածր գները մնացած բոլոր գների հաշվին:
2. Դեղատնային եւ ներմուծման գործունեության տարաբաժանում, դեղերի մեծածախ առեւտրի արտոնագրում
Ինչպես ավելի վաղ NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պարզաբանել էր առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, նոր օրենքի համաձայն, ներմուծող կազմակերպությունը իրավունք չունի սեփական դեղատներն ունենալու: Դա նշանակում է, որ ներմուծողին պատկանող դեղատունը պիտի գոնե ձեւականորեն ձեւակերպված լինի այլ իրավաբանական անձի անունով: Արդյունքում, նրա խոսքով, ներմուծողը ստիպված կլինի բոլոր դեղատներին դեղ վաճառել նույն գնով, եւ նրան պատկանող դեղատունն ավելի շահավետ վիճակում չի լինի:
Հայտնի է, որ այսօրվա դրությամբ Հայաստանում դեղերի բոլոր խոշոր ներմուծողները նաեւ դեղատնային ցանց ունեն: Պարզ է, որ նրանց համար դժվար չի լինի նոր ընկերություն ստեղծել, օրինակ, ներմուծման եւ մեծածախ առեւտրի իրականացման համար` միաժամանակ պահպանելով դեղատների ցանցը իր նախկին անվանումով: Այո, իրենց դեղատներին նրանք դեղ կմատակարարեն նույն գնով, ինչ մնացածին, բայց ամբողջ հարցն այն է, որ իրենց հիմնական եկամուտը ստանում են մեծածախ գնից, եւ մենք այդ մասին արդեն գրել ենք, այնպես որ, նրանց համար մեկ է, թե այդ գնի վրա ինչ կավելացնեն: Իրականում մանր դեղատների վիճակը դրանից չի բարելավվի:
Ավելին, շատ մանր դեղատներ, ինչպես նաեւ հիվանդանոցներ եւ ստոմատոլոգիական կլինիկաներ իրենց կարիքների համար դեղերի ներմուծում են իրականացնում փոքր խմբաքանակներով: Դրա համար նրանց մինչեւ հիմա մեծածախ առեւտրի արտոնագիր պետք չէր, նրանք դա չեն իրականացնում: Եվ պետք չեն հատուկ սարքավորված պահեստներ եւ այլն. իրենց գործունեության համար ստացվող արտոնագրի համաձայն, նրանք անհրաժեշտ ամեն ինչ ունեն իրենց անհրաժեշտ դեղերի փոքր քանակության պահպանման եւ օգտագործման համար: Բայց նոր օրենքի համաձայն, նրանք կզրկվեն այդ հնարավորությունից եւ ստիպված կլինեն դեղամիջոցներ վերցնել ներմուծողներից, ինչը կհանգեցնի նրան, որ խոշոր ներմուծողները վերահսկողության տակ կառնեն շուկայի ավելի մեծ սեգմենտ:
Սա առողջապահության ոլորտի ղեկավարների ամենասիրելի փաստարկն է: Նրանց խոսքով, այն պիտի ազատ մրցակցության հնարավորություն ստեղծի եւ հանգեցնի գների նվազման:
Բայց… Նոր օրենքի նախագծում զուգահեռ ներմուծման մասին դրույթը մի շարք ենթակետեր է պարունակում, որոնք արգելում են զուգահեռ ներմուծումը, եթե… Ահա այդ «եթե»-ները, մանր ընկերությունների ներկայացուցիչների խոսքով, բազմաթիվ ստորջրյա խութեր են պարունակում, որոնք ձեւականորեն թույլատրված զուգահեռ ներմուծումն իրականում անհնարին են դարձնում:
Մասնավորապես, զուգահեռ ներմուծումն արգելվում է, եթե դեղի արտադրության երկիրը կամ արտադրողը չեն համապատասխանում Հայաստանում գրանցված երկրին կամ արտադրողին: Այն արգելվում է նաեւ, եթե փաթեթավորման արտաքին տեսքն իր բոլոր երանգներով (գույն, ձեւ, տառատեսակ եւ այլն.), պիտանելիության ժամկետը, չափաբաժինը, չեն համապատասխանում Հայաստանում գրանցվածներին:
Այս կետում արտադրողի հետ կապված ամեն ինչ պարզ է, իսկ մնացած ամեն ինչում` այնքան էլ չէ: Հարցն այն է, որ շատ անդրազգային ընկերություններ արտադրություններ ունեն աշխարհի տարբեր երկրներում, ինչպես նաեւ տարբեր երկրների համար նույն դեղամիջոցն արտադրում են փաթեթավորման փոքրիկ տարբերություններով: Պահպանման ժամկետը եւս կարող է տարբեր լինել տարածաշրջանների համար` կախված կլիմայական տարբերություններից, ինչպես նաեւ իրավատերը կարող է Հայաստանում որոշակի չափաբաժիններ գրանցել, բայց արտադրել չափաբաժինների ավելի լայն սպեկտր: Իրավատերերը դիտավորյալ են անում դա, իրենց մարկետինգային շահերից ելնելով, որպեսզի վերահսկեն տարածաշրջաններում վաճառքը: Բայց զուգահեռ ներմուծման էությունը հենց այն է, որ դեղեր ներմուծվեն այնպիսի տարածաշրջաններից, որտեղ իրավատերը դրանք ավելի ցածր գնով է վաճառում, որպեսզի Հայաստանում էլ գինը իջնի: Մինչդեռ, գրանցման փուլում Հայաստանի Առողջապահության նախարարության Փորձագիտական կենտրոնը, մանր ներմուծողների խոսքով, իրավատերերի դրդմամբ արձանագրում է դեղերի որակի եւ անվտանգության վրա չազդող նրբերանգները, որոնք թույլ չեն տալիս հետագայում զուգահեռ ներմուծում իրականացնել: Նման մոտեցումը գործում է արդեն այժմ, եւ հետագայում այն կամրապնդվի նոր օրենքով: Իրերի նման դրվածքը շահավետ է իրավատերերի համար եւ նրանց հետ էքսկլյուզիվ պայմանագիր ունեցող խոշոր ներմուծողների, բայց հաստատ չի հանգեցնի գների նվազման:
Չնայած, նույն Սերգեյ Խաչատրյանի մեկնաբանությամբ, զուգահեռ ներմուծման օրենսդրական ամրապնդումը ոչ միայն շուկայում գների զսպման գործիք է, այլեւ արտադրող ընկերությունների հետ դեղերի գնի շուրջ բանակցություններ վարելու գործիք: «Հենց որ զուգահեռ ներմուծումն օրենսդրորեն ամրապնդվում է, այդ ընկերություններն արդեն ավելի բծախնդիր են դառնում եւ սկսում են իջեցնել գները, որպեսզի ուրիշ մեկը շուկայում չզբաղեցնի այդ նիշան եւ չտանի իրենց եկամուտը», - պարզաբանել է նա NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում: Ստացվում է, որ օրենքում կետն անհրաժեշտ է իրավատեր ընկերությունների հետ սակարկելու համար, բայց ոչ նրա համար, որպեսզի իրականում թույլատրեն զուգահեռ ներմուծումը, ինչը հնարավորություն կտա ոչ միայն պայմաններ թելադրել իրավատերերին, այլեւ խոշոր ներմուծողների համար իրական մրցակցություն ստեղծել ներքին շուկայում:
Փաստացիորեն, ոլորտի շատ ներկայացուցիչների կարծիքով, օրենքը ոչ միայն խնդիրներ չի ստեղծում խոշոր ներմուծողների համար, այլեւ ընդհակառակը` համապատասխանում է նրանց շահերին: Հաշվի առնելով վերը նշվածը, գումարած տուգանքների առաջարկվող համակարգը, փոքր դեղատները եւ ներմուծողները նոր օրենքի օգնությամբ շուկայից դուրս կմղվեն լիովին «օրինական» հիմունքներով:






