• Latest news

Տղամարդկային նոր` ոչ հորմոնային հակաբեղմնավորիչը ճագարների վրա ապացուցել է իր արդյունավետությունը

31 մարտի, 2016  01:44

Նոր` ոչ հորմոնային միջոցը կարող է իսկական հեղափոխություն իրականացնել տղամարդկանց հակաբեղմնավորման ոլորտում.  Vasalgel անվանումով միջոցն արդեն ապացուցել է իր արդյունավետությունը ճագարների վրա: 

Այսօր տղամարդիկ հակաբեղմնավորիչ միջոցների բավականին սահմանափակ ընտրություն ունեն: Պահպանակները, որոնք լայնորեն մատչելի են, պաշտպանում են ոչ միայն անցանկալի հղիությունից, այլեւ սեռական եղանակով փոխանցվող հիվանդություններից, բայց դրանց նույնիսկ ճիշտ օգտագործման պարագայում դեպքերի 18 տոկոսում չպլանավորված հղիություններ են լինում:

Մյուս կողմից, վազէկտոմիան շատ ավելի արդյունավետ հակաբեղմնավորիչ է համարվում, սակայն դա տղամարդուն մշտապես անպտուղ է դարձնում:  Իսկ երկարատեւ ազդեցությամբ այնպիսի հակաբեղմնավորիչներ, ինչպիսիք կանայք են ընդունում, տղամարդկանց տրամադրության տակ չկան, իսկ մշակվող հորմոնային դեղամիջոցները մինչեւ վերջ ուսումնասիրված չեն եւ կարող են անցանկալի երկրորդական հետեւանքներ ունենալ եւ գաղտնի վտանգներ  պարունակել: 

Vasalgel-ի հիմնական առանձնահատկությունն այն է, որ այն հորմոններ չի պարունակում եւ չի ազդում տղամարդու հորմոնային ֆոնի վրա:  Ամերիկյան ոչ առեւտրական Parsemus Foundation ընկերության կողմից մշակված Vasalgel-ը կազմված է ստիրոլ-մալեինային թթվից, որը լուծված է դիմեթիլ սուլֆօքսիդում: Գելի ներարկումն արվում է այն ծորանի  մեջ, որով սպերմատոզոիդները ձվարաններից հասնում են սեռական անդամին: 

Իլլինոյսի համալսարանի գիտնականները ճագարների վրա նախակլինիկական հետազոտությունների ընթացքում հաստատել են  Vasalgel դեղամիջոցի հակաբեղմնավորիչ ազդեցությունը դիտարկումների 12 ամսական ցիկլի ընթացքում: Նրանց խոսքով, ստացված արդյունքները գերազանցել են նույնիսկ ամենախիզախ ակնկալիքները:  Vasalgel-ը բավականին արագ հակաբեղմնավորիչ ազդեցություն է ապահովում, որը երկար ժամանակ պահպանվում է դեղամիջոցի բացառիկ հիդրոգելային կառուցվածքի շնորհիվ: Ավելին, ճագարների վրա փորձարկումը ցույց է տվել, որ այս միջոցի հակաբեղմնավորիչ ազդեցությունը շրջելի է. միջոցի օգտագործումից հետո տղամարդը երեխա ունենալու հնարավորությունից զրկվում է ոչ թե ընդմիշտ, այլ ընդամենը ժամանակավորապես: 

Այսպիսով` դեղամիջոցը կարող է տղամարդկային երկարատեւ ազդեցությամբ առաջին ոչ հորմոնային հակաբեղմնավորիչը լինել, որը շուկա կհանվի: 

Հետազոտման արդյունքները հրապարակվել են  Basic and Clinical Andrology ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll