Խոստացել են Շիրակի մարզի ատամնաբույժների բողոքն ընդդեմ առողջապահության էլեկտրոնային համակարգի կառավարությանը հասցնել

17:56   5 մարտի, 2018

Շիրակի մարզի ատամնաբույժները Գյումրիում մարզպետարանի շենքի մոտ բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով վերանայել Հայաստանի կառավարության 2017 թվականի օգոստոսի 24-ի 1033–Ն որոշման դրույթները, որով սահմանվում են լիցենզավորված բուժհաստատություններին ներկայացվող պահանջները էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական համակարգին միանալու համար (armed.am): Ցուցարարներին ընդունել են փոխմարզպետ Հարություն Արշակյանը եւ մարզպետարանի սոցապահովության ու առողջապահության վարչության պետ Մեսրոպ Բզնունին: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնեց «Սոլիդենտ» ատամնաբուժական կլինիկայի ղեկավար, մարզի գլխավոր ատամնաբույժ Բաբկեն Մկրտչյանը:

Նրա խոսքով՝ Հարություն Արշակյանը խոստացել է ատամնաբույժների նամակը փոխանցել Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանին, իսկ նա, իր հերթին, այն կփոխանցի Հայաստանի կառավարությանը:

Նախօրեին Շիրակի մարզի ատամնաբույժները 70 մարդու մասնակցությամբ նիստ են անցկացրել, որի ժամանակ հայտարարություն են ընդունել՝ դրանում շարադրելով առողջապահության էլեկտրոնային համակարգին միանալու որոշման կապակցությամբ իրենց բոլոր պահանջները:

Ատամնաբույժները, մասնավորապես, նշել են, որ համակարգին միանալը սպառնալիքի տակ է դնում անհատական տվյալների անվտանգությունը, ընկերություններից տվյալներ են պահանջվում, որոնք կոմերցիոն գաղտնիք են համարվում, ատամնաբույժներին նաեւ պարտադրում են լրացուցիչ ծախսեր կատարել: Մինչդեռ, նրանց կարծիքով, բոլոր ծախսերը պետք է Առողջապահության նախարարությունն իր վրա վերցներ:

Ատամնաբույժները որոշել են դիմել կառավարությանը՝ 1033–Ն որոշումն անվավեր ճանաչելու առաջարկով, իսկ նոր որոշում ընդունելու համար քննարկումներ անցկացնել ատամնաբույժների հետ, ինչպես նաեւ բողոքի ակցիա անցկացնել մարզպետարանում:

Նշենք, որ 2017 թվականի օգոստոսի 24-ի 1033–Ն որոշումը լիցենզավորված բուժհաստատություններին ներկայացվող պահանջներ է պարունակում  առողջապահության էլեկտրոնային համակարգին միանալու համար, ինչպես նաեւ տարբեր բուժհաստատությունների համար համակարգին միանալու ժամկետները: Կառավարության մեկ այլ որոշմամբ առողջապահության էլեկտրոնային համակարգը փոխանցվել է կոնցեսիոներին, որը համակարգին միանալու սակագներ է սահմանել: Մասնավորապես՝ ատամնաբուժական կլինիկաները ամսական պետք է վճարեն 7 հազարից մինչեւ 20 հազար դրամ՝ կախված հաճախումների թվից, գումարած 30 դրամ յուրաքանչյուր այցելուի համար:

Հիշեցնենք, որ անցյալ տարի մարզային բժշկական կենտրոններն ըմբոստացել էին կոնցեսիոների բարձր սակագների դեմ, որից հետո որոշվել էր էլեկտրոնային առողջապահության համար նրանց ծախսերը սուբսիդավորել:

Համակարգի արագ ներդրման դեմ են բողոքում նաեւ դեղագործական ընկերություններն ու դեղատները, որոնք կառավարությանն են դիմել՝ խնդրելով համակարգի ներդրումը 2 տարով հետաձգել: 

 



© NEWS.am Medicine