• Latest news

Դեղագործական ընկերությունները վարչապետին խնդրում են հետաձգել eHealth-ին միացումն ու վերանայել սակագները

9 փետրվարի, 2018  20:24

Փետրվարի 8-ին դեղագործության ոլորտի ներկայացուցիչների հետ վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպման ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաեւ դեղատները առողջապահության էլեկտրոնային համակարգին միացնելու եւ էլեկտրոնային դեղատոմսերը շրջանառության մեջ դնելու հարցը:

Բանն այն է, որ կառավարության 2017 թվականի օգոստոսի 24-ի որոշմամբ դեղատնային գործունեություն իրականացնող ընկերությունների առողջապահության էլեկտրոնային համակարգին միանալու համար նվազագույն պահանջների ապահովման վերջնաժամկետ է սահմանվել 2018 թվականի մարտի 6-ը: 2018-ի հունվարի վերջին Հայաստանի մի շարք խոշոր դեղագործական ընկերություններ նամակով վարչապետին էին դիմել, որում նշված էր, որ կառավարության այդ որոշումը «խնդրահարույց է»:

Նամակում ներկայացված է էլեկտրոնային առողջապահության ներդրման համար ընկերությունների ֆինանսական ծախսերի մանրամասն հաշվարկը՝ հաշվի առնելով համակարգիչների պարամետրերին ներկայացվող պահանջները, ID քարտ կարդացող սարքերի եւ դեղատան աշխատակիցների ID քարտերի առկայությունը, օպերատորի սահմանած ֆիքսված եւ յուրաքանչյուր դեղատոմսի համար սակագինը: Նամակում նաեւ նշված է, որ դեղատների աշխատակիցների ID քարտ ունենալու պահանջը օրենքի խախտում է, քանի որ ըստ օրենքի՝ Հայաստանի քաղաքացին կարող է ID քարտ ստանալ իր ցանկությամբ, եւ ոչ մեկը նրան դա պարտադրելու իրավունք չունի:

Ինչպես հաշվարկել են դեղագործական ընկերությունների ներկայացուցիչները, eHealth-ին միանալու համար մեկ դեղատան մեկանգամյա միջին վճարումը կազմում է 224 հազար դրամ, դեղատունն ամեն ամիս պետք է վճարի մոտ 45-50 հազար դրամ՝ չհաշված ինտերնետի վճարումը եւ այլ ծախսերը:

««Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ի օրինակով մեկանգամյա վերազինման ծախսերը կկազմեն մոտ 36 մլն դրամ, իսկ տարեկան ընթացիկ ծախսերը գերազանցելու են 80 մլն դրամը, որը հավասար է ընկերության մանրածախ բիզնես ուղղության 1.5-2 ամսվա ներկա զուտ շահույթի չափին»,- ասված է նամակում:

Նշվում է նաեւ, որ ընկերությունների 2018 թվականի  բյուջեում չեն սահմանվել վերը նշված ծախսերը, եւ դա «հանգեցնելու է վերոգրյալ գումարները եկամտից գանձելուն, ինչը ՀՀ-ում գործող դեղագործական եւ առողջապահական  ընկերությունների եւ առանձին անձանց ձեռնարկատիրական գործունեության վրա կարող է ունենալ մեծ բացասական ազդեցություն»:

Այս ամենը հաշվի առնելով, «Ալֆա-Ֆարմ», «Նատալի-Ֆարմ», «Գեդեոն Ռիխտեր», «Ռիթմ Ֆարմ» եւ «Էսկուլապ» ընկերությունները վարչապետին են դիմել խնդրանքով՝ վերանայել այս որոշման կատարման ժամկետները (առնվազն 2 տարով հետաձգել), ինչպես նաեւ էլեկտրոնային առողջապահության օպերատորի սահմանած սակագները:

NEWS.am Medicine-ի տեղեկություններով՝ փետրվարի 8-ի խորհրդակցության ժամանակ վարչապետը հանձնարարել է ուսումնասիրել հարցի ֆինանսական կողմը: Առայժմ հայտնի չէ՝ դեղագործական ընկերությունների խնդրանքը կբավարարվի՞, թե՝ ոչ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել