Ի՞նչ բարդություններ կարող են առաջանալ գրիպի եւ ՍՇՎ պատճառով, եւ ինչո՞վ են վտանգավոր դրանք. պատմում է մասնագետը

17:16   17 հունվարի, 2020

Գրիպը եւ սուր շնչառական վարակները (ՍՇՎ) վտանգավոր են ոչ միայն ինքնին, այլ նաեւ իրենց բարդություններով, որոնք կարող են առաջանալ դրանց պատճառով, հատկապես այսպես կոչված ռիսկի խմբի մարդկանց՝ տարեցների, հղի կանանց եւ քրոնիկական հիվանդություններ ունեցողների մոտ։

Մանկաբույժ Մարի Դարակչյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ որոշ վիրուսներ կարող են առաջացնել թոքաբորբ, մենինգիտ եւ այլ հիվանդություններ։ Այլ իրավիճակներում, եթե մարդու իմունային համակարգը «զբաղված» է գրիպի կամ ՍՇՎ-ի դեմ պայքարով, «գլուխ են բարձրացնում» հարուցիչները, որոնք վաղուց կային օրգանիզմում, բայց որոնց իմունիտետը պահում էր ճնշված վիճակում։ Այս դեպքում արդեն այդ հարուցիչները հանգեցնում են բարդությունների առաջացման։

Ի՞նչ բարդություններ են ավելի հաճախ առաջանում գրիպի եւ/կամ սուր շնչառական վարակների դեպքում։

Պատշաճ բուժման բացակայության դեպքում այս բոլոր բարդությունները կարող են ծանր խնդիրներ առաջացնել, իսկ որոշ դեպքերում նաեւ մահվան ելք ունենալ: Պատահական չէ, որ գրիպը դեռեւս մտնում է ամբողջ աշխարհում մահվան 10 հիմնական պատճառների ցանկի մեջ:

Այս բոլոր բարդությունների զարգացման հավանականությունը մեծ է վերեւում թվարկված խմբերի մեջ մտնող մարդկանց շրջանում, քանի որ նրանց օրգանիզմը տարիքի կամ այլ առանձնահատկությունների պատճառով ավելի խոցելի է թե՛ գրիպի, թե՛ այլ բարդությունների դեպքում: Ուստի եթե մտնում եք այդ խմբերից որեւէ մեկի մեջ, չարժի ինքնաբուժմամբ զբաղվել, եթե հիվանդացել եք գրիպով կամ ՍՇՎ-ով. հետագա խնդիրներից խուսափելու համար մասնագետը խորհուրդ է տալիս բժշկի դիմել:

Մարի Դարակչյանը գրիպով վարակումը եւ դրա պատճառով բարդությունները կանխարգելելու համար խորհուրդ է տալիս պատվաստվել: Հայաստանում այս սեզոնին կիրառում են գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութը, որը պաշտպանում է H1N1-ից, H3N2-ից եւ B գրիպի վիրուսի երկու գծերից:

Մասնագետը հիշեցրեց, որ բնակության վայրի պոլիկլինիկայում պատվաստումն անվճար է, պատվաստանյութն առաջին հերթին նախատեսված է մինչեւ 6 տարեկան երեխաների, հղի կանանց, 60 տարեկանն անց մարդկանց եւ քրոնիկական հիվանդություններով պացիենտների համար: Սակայն այս խմբերում չընդգրկված մարդիկ ցանկության դեպքում նույնպես կարող են պատվաստվել:



© NEWS.am Medicine