Քարվաճառցի աղջկա լսողական իմպլանտին խոսակցական պրոցեսոր են միացրել

20:48   5 նոյեմբերի, 2014

14–ամյա քարվաճառցի Կարինե Մինասյանին, ում մեկ ամիս առաջ կոխլեար իմպլանտ են տեղադրել, այսօր, նոյեմբերի 5–ին խոսակցական պրոցեսորն են միացրել եւ ծրագրավորել են իմպլանտը։ Աղջիկը սկսել է ձայներ լսել, սակայն առայժմ չի կարողանում դրանք տարբերակել. նրան երկար եւ քրտնաջան աշխատանք է սպասում սուրդոմանկավարժի հետ։


Ռուսաստանի Աուդիոլոգիայի եւ լսապրոթեզավորման գիտապրակտիկ կենտրոնի կոխլեար իմպլանտացիայի բաժնի ղեկավար Վիգեն Բախշինյանը պարզաբանել է,  որ այսօրվանից սկսվում է բարդ վերականգնողական շրջան, որը մի քանի ամսից մինչեւ մի քանի տարի կարող է տեւել։

Ըստ նրա, վերականգնողական շրջանի տեւողությունը պայմանավորված է մի շարք գործոններով, մասնավորապես, երեխայի տարիքով, նաեւ նրանով, թե որքան ժամանակ է նա խուլ եղել, ինչ վիճակում է նրա խոսքը եւ այլն։ Բժիշկը հույս է հայտնել, որ Կարինե Մինասյանի դեպքում վերականգնման ընթացքը արագ եւ հարթ կլինի, քանի որ աղջիկը լսողական սարք է կրել, նրա խոսակցական ապարատը նորմալ զարգացած է, եւ նա դեռ վիրահատությունից առաջ է սկսել պարապել սուրդոմանկավարժի հետ։

Աղջկա հետ առաջին փորձնական պարապմունքն են անցկացրել, եւ ինչ-որ պահի նա նույնիսկ լաց է եղել զգացմունքների առատությունից: Մանրամասները՝ NEWS.am Medicine-ի տեսանյութում:

Հիշեցնենք, որ NEWS.am գործակալությունը, բարեգործական ակցիայի շրջանակում, Քարվաճառում բնակվող լսողական խնդիրներ ունեցող Կարինե Մինասյանի ընտանիքին էր այցելել: Աղջիկը լրագրողներին պատմել էր, որ երազում է վերականգնել լսողությունն ու վիրաբույժ դառնալ: Լեռնային Ղարաբաղի հանրապետության առողջապահության նախարար Հարություն Քուշքյանն անմիջապես արձագանքել էր Կարինե Մինասյանի մասին տեղեկատվությանը եւ իրեն պատկանող «Էրեբունի» կլինիկայում նրա բուժումն անվճար կազմակերպելու մասին հանձնարարական իջեցրել:

Կարինե Մինասյանի կոխլեար իմպլանտացիան հոկտեմբերի սկզբին ամբողջությամբ բարեգործական հիմունքներով է իրականացվել. իմպլանտը կոխլեար իմպլանտների արտադրությամբ զբաղվող առաջատար Cochlear ավստրալական ընկերությունն է տրամադրել, իսկ մնացած բոլոր ծախսերը «Էրեբունի» բժշկական կենտրոնն է իր վրա վերցրել: Հայաստանում կոխլեար իմպլանտացիայի տասնամյակի կապակցությամբ հիշյալ ընկերությունից որպես նվիրատվություն ստացվել է 18 հազար եվրո արժողությամբ վերջին՝ CI Nucleus Profile Implant մոդելի իմպլանտ խոսքի նորագույն՝ Nucleus 6 մակնիշի պրոցեսորով:

Վիրահատությունը կատարել են «Էրեբունի» ԲԿ ԼՕՌ բաժանմունքի վարիչ Արթուր Շություրյանը եւ Ռուսաստանի Աուդիոլոգիայի և լսապրոթեզավորման գիտապրակտիկ կենտրոնի կոխլեար իմպլանտացիայի բաժնի ղեկավար Վիգեն Բախշինյանը։

Հիշեցնենք նաեւ, որ աղջկա մոր՝ Անահիտ Մինասյանի անունով հաշիվ է բացվել Կոնվերս Բանկում: Չնայած բոլոր բժշկական ծառայությունները «Էրեբունի» բժշկական կենտրոնում անվճար են տրամադրվում Կարինեին, ընտանիքը հետվիրահատական վերականգնման ողջ ընթացքում ստիպված է Երեւանում մնալ եւ ընթացիկ ծախսերը հոգալու կարիք ունի:

Converse bank

AMD 1930051111510100

USD 1930051111510101

[gallery id=39]

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am Medicine