16:23 15 հուլիսի, 2015Գնալով ավելի ու ավելի շատ հետազոտություններ են խոսում այն մասին, որ պասիվ ծխելը նույնքան վտանգավոր է, որքան ակտիվը՝ հատկապես երեխաների դեպքում: Այն մասին, թե ինչքանով է վտանգավոր ծխախոտի ծուխը դիաբետով տառապող երեխաների համար, NEWS.am Medicine-ը զրուցել է էնդոկրինոլոգ Ելենա Ագաջանովայի հետ:
Նրա խոսքով՝ պասիվ ծխելը վտանգավոր է բոլոր երեխաների համար, այլ ոչ միայն դիաբետ ունեցողների: Եբ, չնայած նրան, որ ծխախոտի ծխի եւ դրանում պարունակվող քիմիկատների՝ հորմոնալ համակարգի վրա ազդեցությունն առայժմ ուսումնասիրված չէ, կարելի է ենթադրել, որ որոշակի վնաս այն, իհարկե, հասցնում է:
Էնդոկրինոլոգի խոսքով՝ չի կարելի բացառել, որ պասիվ ծխելը իրականում վնասում է երեխայի ենթաստամոքսային գեղձին: Անմիջական տոկսիկ ազդեցության մասին դեռեւս վաղ է խոսել, քանի որ տվյալները քիչ են, սակայն հայտնի է, որ ծխախոտի ծուխը ազդում է ողջ օրգանիզմի վրա, իսկ ենթաստամոքսային գեղձը այդ օրգանիզմի մի մասն է: Հետեւաբար, այն չի կարող չենթարկվել վնասակար այդ ազդեցությանը: Այդ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս ծնողներին չծխել երեխաների ներկայությամբ:
Հիշեցնենք, որ, ինչպես ցույց տվեցին վերջերս իրականացրած հետազոտությունները, պասիվ ծխելը երեխաների մոտ ավելորդ քաշի ու ճարպակալման զարգացման պատճառներից է : Պասիվ ծխելը նար ավելի հավանական է դարձնում ինսուլտի զարգացումը՝ 30 տոկոսով , իսկ կանայք, որոնք պասիվ ծխող են հանդիսանում, ավելի հաճախ են բախվում անպտղության ու վիժումների հետ: Ավելին՝ ծխելը՝ ինչպես ակտիվ, այնպես էլ պասիվ ծխելը, կարող է լուրջ վնաս հասցնել տեսողությանը: