Հայ հայտնի նյարդավիրաբույժ Սուրեն Զոհրաբյանը ժամանակին դարձել է Հայաստանում նյարդավիրաբուժության հիմնադիրներից մեկը, ավելի վաղ բարդագույն վիրահատություններ է կատարել` փրկելով մարդկանց կյանքը, իսկ այսօր այդ վիրահատությունները կատարում են նրա աշակերտները: Այս մասին, ելույթ ունենալով Եվրասիական նյարդավիրաբուժության ակադեմիայի ակադեմիկոս Սուրեն Զոհրաբյանի 95-ամյակին նվիրված միջոցառմանը` ասել է Երեւանի Մխիթար Հերացու անվան Բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը:
«Դուք ձեր կյանքի ընթացքում կարողացել եք անել այն, ինչի մասին կարող է երազել յուրաքանչյուրը, ով իր կյանքը նվիրել է մեր մասնագիտությանը` բժշկությանը: Դուք շատ կյանքեր եք փրկել, բարդագույն վիրահատություններ եք կատարել: Եվ այսօր Ձեր աշակերտներն են կյանքեր փրկում: Այսօր նրանք, օգտագործելով Ձեզանից ստացած գիտելիքները, իրենց մասնագիտական պարտքն են կատարում ամենատարբեր, երբեմն` էքստրեմալ պայմաններում», - ասել է բժիշկ Նարիմանյանը:
«Նյարդավիրաբուժությունը բարդագույն իրավիճակներում բարդագույն վիրահատություններ պահանջող մասնագիտություն է: Այսօր մենք նշում ենք Ձեր 95-ամյակը` ցանկանալով Ձեզ շնորհակալություն հայտնել նրա համար, որ Դուք կաք», - հավելել է նա:
Հայտնի նյարդավիրաբույժին շնորհավորելու էին եկել հոգեւորականության ներկայացուցիչներ, հայկական կլինիկաների ղեկավարներ, իրենց ոլորտների առաջատար մասնագետներ: Առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը հավաքվածներին է փոխանցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը եւ շնորհավորանքները հոբելյարին:
Հիշեցնենք, որ Սուրեն Զոհրաբյանը մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին, որի ընթացքում 4 տարի շարունակ եղել է շարժական հոսպիտալներում եւ այլ բժիշկների հետ միասին օգնել է վիրավորներին: Նա նաեւ մասնակցել է ղարաբաղյան պատերազմին;
Այսօր նրա ղեկավարությամբ աշխատող երկու նյարդավիրաբույժ Գորիսում են գտնվում եւ պատրաստ են օգնել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ սահմանին վիրավորված տղաներին:






