Հնդկաստանի 25-ամյա բնակչուհի Մանիտա Սինգհը իր եւ բժիշկների համար անսպասելիորեն հինգ աղջիկ է ծննդաբերել ընդամենը 30 րոպեում:

Հղիության 26-րդ շաբաթում կնոջ մոտ վաղաժամ ծննդաբերություն է սկսվել, եւ նրան Ամբիկապուրի հիվանդանոց են հասցրել: Հղիության ընթացքում Մանիտան ոչ մի անգամ ՁԳՀ-ի չէր գնացել, որովհետեւ չգիտեր, որ ոչ թե մի երեխայի է սպասում, այլ` հինգ: Այդ պատճառով եւ նա, եւ բուժանձնակազմը ծայրաստիճան զարմացել էին, երբ առաջին աղջկա հետեւից եւս չորսն էին ծնվել: 

Նորածին աղջիկներից յուրաքանչյուրը 1.3 կգ-ից մի քիչ ավելի է կշռում եւ նրանց առայժմ կպահեն նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Մանիտայի ազգականները պատմել են, որ ծնված հինգ աղջկան երկնքի պարգեւ են համարում: Սինգհերի առաջին երեխան տղա էր, որը ծնվել էր երկու տարի առաջ, բայց ծնվելուց կարճ ժամանակ անց մահացել էր: 

Բժիշկները Մանիտայի դեպքը զարմանալի են համարում. չէ որ բնական եղանակով հնգյակով հղիանալու հավանականությունը ընդամենը  1-ը 60 մլն-ի է, իսկ միանգամից հինգ աղջկա աշխարհ գալն ավելի հազվադեպ է տեղի ունենում: Ավելին, Մանիտան բոլոր հինգին էլ բնական եղանակով է ունեցել, ընդ որում` ընդամենը կես ժամվա ընթացքում, ինչը եւս շատ հազվադեպ է լինում: