Պեկինից 42-ամյա տղամարդը բժիշկներին էր դիմել ոտքի մաշկի տարօրինակ   «նկարի» պատճառով, որը նման էր երակների վարիկոզ լայնացման: Ոտքը քոր էր գալիս, իսկ    «երակները» ժամանակ առ ժամանակ շարժվում էին: Ի սարսափ տղամարդու, որի անունը չեն հայտնում, բժիշկները պարզել են, որ նրա մաշկի տակ հսկայական որդ է հաստատվել:  

Դա, ըստ երեւույթին, տեղի է ունեցել մոտավորապես մեկ ամիս առաջ, երբ տղամարդը հանգստանում էր Նիգերիայում: Մաշկը սկսել է սարսափելի քոր գալ, իսկ տարօրինակ, հանկարծակիորեն ուռած «երակները» շարժվում էին եւ փոխում իրենց դիրքը:  

Տղամարդուն հետազոտելով, Peking Union Medical College-ի բժիշկները պարզել են, որ նրա մաշկի տակ բոլորովին էլ երակներ չեն, այլ որդ, որն աճել է նեմատոդի թրթուրից:   

Նեմատոդները սովորաբար ապրում են կենդանիների` հիմնականում շների եւ կատուների աղիներում: Այդ կենդանիների արտաթորանքում նեմատոդների թրթուրներ են լինում, եւ այդ արտաթորանքի հետ շփման դեպքում մարդը կարող է  «վարակվել»: Նման որդ ձեռք բերելու ռիսկն ամենաբարձրն է արեւադարձային երկրներում: Թրթուրները սովորաբար հաստատվում են մաշկի տակ, որովհետեւ նրանց պակասում են մարմնում ավելի խորը տեղավորվելու համար անհրաժեշտ ֆերմենտները: 

Հիվանդին հակամակաբուծային դեղամիջոց են տվել եւ երկու շաբաթ անց մաշկի տակի որդն անհետացել է: 

Բժիշկներն այդ դեպքի մասին պատմել են New England Journal of Medicine գիտական ամսագրում: