Դիաբետով հիվանդ մարդկանց առողջությունը պահպանելու համար բավարար չէ ընդամենը դեղերի միջոցով արյան մեջ շաքարի մակարդակը վերահսկելը: Կան նաեւ մի շարք միջոցառումներ, որոնք նրանց ուղղակի անհրաժեշտ են: 

1. Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը պիտի կյանքի մաս դառնա 

Ֆիզիկական նույնիսկ չափավոր ծանրաբեռնվածությունը, ինչպես օրինակ` քայլելը, օգտակար է դիաբետի վերահսկողության համար: Եթե նման հնարավորություն կա, սկսեք մարզասրահ հաճախել, ձեզ դուր եկած ցանկացած մարզատեսակով զբաղվելու: Եթե չհաջողվի, գոնե երկար զբոսնեք առավոտյան եւ երեկոյան: 

2. Սրտաբանին այցելեք

Դիաբետից տուժում են սրտի, ուղեղի, երիկամների, թոքերի, ոտքերի եւ աչքերի զարկերակները, իսկ հիմնական ծանրաբեռնվածությունը բաժին է ընկնում սրտին: Նույնիսկ եթե Ձեզ թվում է, որ Ձեր սիրտը ոչ մի խնդիր չունի, ամեն դեպքում խորհրդակցեք սրտաբանի հետ:  

3. Ակնաբույժին այցելեք

Դիաբետը զգալիորեն մեծացնում է աչքի հիվանդությունների զարգացման ռիսկը, ներառյալ` կատարակտը եւ գլաուկոման, ինչպես նաեւ դիաբետիկ ռետինոպաթիան: Հիվանդությունը ժամանակին հայտնաբերելու դեպքում անհամեմատ ավելի հեշտ է բուժելը: 

4. Ժամանակ առ ժամանակ մեզի անալիզ հանձնեք 

Չվերահսկվող դիաբետը երիկամների խրոնիկական անբավարարության է հանգեցնում, որովհետեւ արյան մեջ շաքարի ավելցուկը ծանրաբեռնում է երիկամները եւ նրանց ավելի շատ ջանքեր են անհրաժեշտ լինում օրգանիզմից տոքսինները դուրս բերելու համար: Այդ պատճառով այդքան կարեւոր է կանոնավոր կերպով մեզի անալիզ հանձնելը. դա մեզ տեղեկություններ է տալիս երիկամների աշխատանքի վերաբերյալ: 

5. Հոգեբանի այցելեք

Արյան մեջ շաքարի մակարդակի փոփոխությունները եւս այնպիսի նեյրոփոխանցիչների ցուցանիշների փոփոխություններ են առաջ բերում, ինչպիսին սերոտոնինն է:  Դրա պատճառով դիաբետով հիվանդների մոտ տրամադրության փոփոխություններ են ի հայտ գալիս, տագնապալի իրավիճակներ եւ դեպրեսիա: Հոգեբանը կարող է օգնել հաղթահարել այդ վիճակը: 

6. Մի մոռացեք հոգ տանել ներբաններին

Եթե արդեն երկար տարիներ դիաբետ ունեք, ցանկալի է կանոնավոր կերպով այցելել ոտքերի մասնագետի` ներբանների առողջությունը ստուգելու համար: Այդ մասնագետը ժամանակին կհայտնաբերի հիվանդագին գործընթացը չառողջացող խոցի տեսքով եւ թույլ չի տա, որ այն դիաբետիկ ոտնաթաթի վերաճի, որը հաճախ վերջույթի անդամահատման է հանգեցնում: