Գիտության հանդեպ սերն անհրաժեշտ է պատվաստել վաղ մանկությունից, այդ դեպքում տարիներ անց այդ երեխաները կկարողանան ականավոր գիտնականներ դառնալ, կարծում է Նոբելյան մրցանակակիր Դան Շեխտմանը (Իսրայել):
Հայաստանում Նոբելյան օրերի շրջանակում իր ելույթի ընթացքում նա նշել է, որ գիտության հանդեպ հետաքրքրությունն անհրաժեշտ է երեխաներին ներարկել նույնիսկ ոչ թե դպրոցում, այլ մանկապարտեզներում: Նույնիսկ 5-6 տարեկան երեխաներին կարելի է գիտություն դասավանդել նրանց համար մատչելի լեզվով («Նրանք կհասկանան այն ամենը, ինչ դուք կասեք, եթե ճիշտ անեք դա», - նշել է գիտնականը), նրանց մեջ սեր արթնացնել հետազոտությունների, շրջապատող աշխարհի ուսումնասիրման հանդեպ: Արդյունքում այդ երեխաները կարող են ամբողջությամբ նվիրվել գիտությանը եւ լավ գիտնականներ դառնալ:
Երեխաների համար նախատեսված գիտական հեռուստաալիքները եւս կարող են երեխաներին ներգրավել գիտության աշխարհ:
Բացի այդ, որպեսզի երեխաներն ավելի շատ ուզենան գիտությամբ զբաղվել, անհրաժեշտ է գիտնականներին դերային մոդել դարձնել, նմանակման օրինակ: Եթե երեխաներն ավելի շատ գիտնականների պաստառներ տեսնեն, քան երգիչների, կուզենան նրանց նման դառնալ:
Դան Շեխտմանն ընդգծել է նաեւ ուսուցիչների դերը, որոնցից մեծ մասամբ կախված է երեխաների ապագան եւ որոնք, ինչ-որ բանի հանդեպ երեխայի հետաքրքրությունը զգալով, կարող են ոգեւորելով եւ ուղղորդելով նրան օգնել հետաքրքրող ոլորտում փորձագետ դառնալ:
«Ցանկացած երկրի ապագան տաղանդավոր երեխաների խելքի մեջ է: Ներդրում արեք տաղանդավոր երեխաների մեջ», - նշել է գիտնականը` հավելելով, որ տաղանդավոր, պրպտող երեխաները բոլոր շանսերն ունեն ականավոր գիտնականներ դառնալու, այդ պատճառով էլ պետք է աշխատել նրանց հետ, պետք է նրանց ուղղորդել:
Միաժամանակ, առաջին հերթին հատուկ ուշադրության են արժանի հենց այն երեխաները, որոնք ավելի լավ են սովորում, որոնք ուրիշներից ավելի փայլուն են, նրանք, ովքեր հարցեր են տալիս եւ արտասովոր խելք ունեն, ով կասկածում է, վիճում, կարողանում է մտածել: Սակայն նման երեխաներին պիտի սովորեցնեն ոչ պակաս տաղանդավոր ուսուցիչներ, որոնք կարող են ոգեւորել, ոգեշնչել, խրախուսել նրանց անհատականությունը:
Դան Շեխտմանը նշել է, որ հետաքրքրասիրությունը բոլոր լավ գիտնականներին հատուկ հատկանիշ է, եւ անհրաժեշտ է այդ հատկանիշը զարգացնել երեխաների մեջ: Ինչպե՞ս անել դա: Սկզբի համար կարելի է այնպես անել, որ այդ երեխաները հարցեր ունենան եւ հարցեր տան: Հարցերի համար անհրաժեշտ է գովել երեխաներին, կարծում է գիտնականը, որպեսզի նրանք հասկանան, որ հարցեր տալն ու հետաքրքրասեր լինելը լավ բան է:
«Գիտության մարդիկ պիտի մտածել կարողանան, ոչ թե ենթարկվել: Իսրայելում մարդիկ այդպիսին են, գիտեմ, որ Հայաստանում` եւս», - նշել է գիտնականը:






