Անիմաստ է գեր մարդկանց համոզել, որ առողջ սննդակարգի հետեւեն, որովհետեւ նրանց ուղեղը ճնշում է ռացիոնալ մտածողությունը, երբ կողքին սիրելի սնունդն է: Նման եզրակացության են հանգել Քեմբրիջի համալսարանից բրիտանացի գիտնականները:  

Շատ երկրների իշխանությունները հսկայական միջոցներ են ծախսում առողջ սննդի քարոզչության վրա, որը հատկապես ուղղված է ավելորդ քաշից եւ ճարպակալումից տառապող մարդկանց: Սակայն բրիտանացի հետազոտողները համոզվել են, որ դա փողի ավելորդ ծախս է:  Ավելորդ քաշի դեմ պայքարի առավել արդյունավետ միջոց կլինի ոչ թե քարոզչությունը, այլ բոլոր սննդային գայթակղությունների լիակատար անհետացումը:  

Հետազոտողները պարզել են, որ եւ սլացիկ, եւ ավելորդ քաշ ունեցող մարդիկ հրաշալի գիտեն այս կամ այն սննդամթերքի օգտակարության կամ վնասակարության մասին,  համակարգչի վրա նկարներով թեստի ընթացքում նրանք ճիշտ ընտրություն են կատարել: Բայց հերիք է այդ մարդկանց առաջ իրական սննդամթերք դնել, երբ ավելորդ քաշի եւ ճարպակալման զոհերն ինքնաբերաբար ընտրում են ամենավնասակար սնունդը: 

Դա ապացուցում է, որ ավելորդ քաշ ունեցող մարդկանց ուղեղում սննդամթերքի տեսքից  անջատվում է ռացիոնալ մտածողության բլոկը: Իսկ սլացիկ մարդիկ պահպանում են առողջ դատողությունը եւ իրենց ընտրած սննդամթերքը մտովի կապում են այն հետեւանքների հետ, որ դրանք կարող են ունենալ: 

Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ իրենք ծանոթ չեն այդ մեխանիզմի բնույթին: Լիովին հնարավոր է, որ ավելորդ քաշն ազդում է ուղեղի աշխատանքի վրա կամ էլ այդ փոփոխությունը ներդրված է դեռեւս մինչեւ ճարպակալման զարգացումը: