Ձեռքերը չորացնելու ավտոմատ էլեկտրասարքերի արտադրողները պնդում են, որ իրենց գյուտերը հիգիենիկ են եւ մի շարք առավելություններ ունեն սրբիչների դեմ: Արդյո՞ք այդպես է: Journal of Applied Microbiology ամսագրում հրապարակված նոր հետազոտությունը ցույց է տվել, որ Dyson ընկերության   Airblades-ն իրականում 60 անգամ ավելի շատ մանրէներ եւ վիրուսներ է տարածում, քան ձեռքերի համար ստանդարտ չորացնող սարքերը եւ  1300 անգամ ավելի շատ, քան թղթե սրբիչները: 

Վեստմինստերի համալսարանի գիտնականները հետազոտության շրջանակում իրենց խոնավ ձեռքերի վրա առողջության համար անվնաս վիրուսներ են տեղադրել եւ փորձել են ձեռքերը չորացնել   Airblades սարքի օգնությամբ, ստանդարտ չորացնող սարքի եւ թղթե սրբիչի:  Հետո նրանք հետազոտել են տարածքը` պարզելու, թե արդյոք տարածվել են իրենց ձեռքերի վիրուսները:  Ինչպես եւ պետք էր սպասել, պարզվել է, որ թղթե սրբիչի օգտագործումն ամենաանվնասն է. վիրուսները մնացել են սրբիչի վրա եւ  25 սմ-ից հեռու չեն գնացել: Օդային չորացուցիչների օգտագործման դեպքում վիրուսները թռել են 75 սմ, իսկ Airblade-ի օգտագործման դեպքում` մինչեւ 3 մ: Տեսականորեն, եթե հետազոտության ընթացքում գիտնականների  օգտագործած վիրուսները վտանգավոր լինեին, վիրուսից բավականին հեռու գտնվող մարդը լիովին կարող էր վարակվել, եթե  Airblade օգտագործեր:

Մյուս կողմից, Գերմանիայում 2005-ին իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ թղթե սրբիչը մարդու ձեռքից սրբում է մանրէների ընդամենը  24 տոկոսը, իսկ օդային չորացուցիչները դրանց թիվը մեծացնում են 117 տոկոսով:

Ամեն դեպքում, գիտնականները պնդում են, որ վիրուսների եւ մանրէների տարածումը կանխելու համար ամենից ավելի կարեւոր է ոչ թե այն, թե մարդն ինչպես է չորացնում ձեռքերը, այլ, թե որքան լավ է լվանում դրանք: Պարզվել է, որ կանանց ընդամենը  75 տոկոսը եւ տղամարդկանց 58 տոկոսն է զուգարան գնալուց հետո իրոք լվանում ձեռքերը: