Հայաստանում հեմոֆիլիայով հիվանդներն այսօրվա դրությամբ բախվում են մի շարք խնդիրների, որոնք վատացնում են նրանց կյանքի որակը: Սակայն լրջագույն խնդիրներից մեկը կարելի է կոչել մակարդելիության գործոնների պակասը, որպեսզի այս հիվանդներն ապահովվեն կանխարգելիչ բուժմամբ, որը կանխում է արյունահոսությունները եւ հեմոֆիլիայի այլ բարդացումները:  

Ոչ պակաս լուրջ է հեմոֆիլիայով հիվանդներին հասարակությանն ինտեգրելու խնդիրը, կարծում է Հայաստանի Առողջապահության նախարարության Հեմատոլոգիայի կենտրոնի ղեկավար Սմբատ Դաղբաշյանը: 

Հեմոֆիլիայով հիվանդների մոտավորապես 60-70 տոկոսը հաշմանդամություն եւ կյանքի որակի հետ կապված լուրջ խնդիրներ ունի: Արյունահոսությունների եւ արյունազեղումների բարձր ռիսկի պատճառով այդ հիվանդները սահմանափակ շարժունակություն ունեն. մեծահասակների  համար դժվար է սովորական կյանքով ապրելը եւ աշխատելը, իսկ երեխաների համար դժվար է խաղալ եւ սպորտով զբաղվել: 

Մակարդելիության գործոնների բավարար չափով առկայությունը կարող է ինչ-որ առումով թեթեւացնել հեմոֆիլիայով հիվանդների ինտեգրացիայի խնդիրը, որովհետեւ նրանք ավելի քիչ արյունահոսություններ եւ բարդացումներ կունենան եւ հնարավոր կլինի ավելի լիարժեք կյանքով ապրել: Բայց միայն գործոնների օգնությամբ այս խնդիրը լուծել անհնար է, որովհետեւ, օրինակ, լինում են այսպես կոչված ինհիբիտորային դեպքեր, երբ հիվանդի օրգանիզմում գործոնների հաճախակի ներարկումից հետո հակամարմիններ են հայտնվում եւ գործոններն այլեւս չեն ազդում, ինչպես որ հարկն է. արյունահոսությունները չեն դադարում:  Այդպիսի հիվանդներին ուրիշ, ավելի բարդ բուժում է անհրաժեշտ: Եվ անկախ այդ բուժումից, նրանք պիտի ապրելու եւ աշխատելու հնարավորություն ունենան:  

Սմբատ Դաղբաշյանը նշել է, որ հասարակությանը հեմոֆիլիայով մարդկանց  նորմալ ինտեգրացիա ապահովելու համար անհրաժեշտ է փոխել հասարակության մտածողությունը եւ նրա վերաբերմունքը հաշմանդամություն ունեցող մարդկանց:  Անհրաժեշտ են նաեւ սոցիալական ծրագրեր, որոնք հիվանդին կօգնեն ավելի հեշտորեն ինտեգրվել հասարակության կյանքում, անհրաժեշտ են առանձնահատուկ աշխատանքային պայմաններ, որպեսզի նրանց համար ավելի հեշտ լինի աշխատելը: Նման ծրագրերն անհրաժեշտ են նաեւ հաշմանդամության այլ ձեւեր ունեցող մարդկանց, որովհետեւ նման մարդկանց ինտեգրացիան դեռեւս լուրջ խնդիր է մեր հասարակությունում: