Հեմոֆիլիան բավականին հազվագյուտ հիվանդություն է, որի դեպքում արյան մակարդելիության խանգարումների պատճառով անվերահսկելի արյունահոսություններ են լինում եւ արյունազեղումներ ներքին օրգաններում. Հայաստանում այդ հիվանդությամբ մոտ երեք հարյուր մարդ կա, Ռուսաստանում` երեք հազարից պակաս: Այդ հիվանդներից յուրաքանչյուրն այնպիսի բուժման կարիք ունի, որը կարող է ոչ միայն փրկել նրա կյանքը, այլեւ այն որակյալ դարձնել, գրեթե չտարբերվող այլ մարդկանց կյանքից: Հեմոֆիլիան բուժելն անհնար է, բայց բուժման առկայության դեպքում, հատկապես` կանխարգելիչ, մարդը հաշմանդամ չի դառնա, կկարողանա սովորել եւ աշխատել:
Մորոզովի անվան մանկական կլինիկայի հեմատոլոգիական բաժանմունքի ղեկավար Յուրի Պետրովը (Մոսկվա) NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է, թե Ռուսաստանում ինչպես են կազմակերպում հեմոֆիլիայի բուժումը:
Այն կենտրոնում, որտեղ աշխատում է Պետրովը, հեմոֆիլիայի Ա եւ Բ տեսակներով մոտ 450 հիվանդ երեխա է գրանցված. նրանք Մոսկվայից եւ շրջաններից են: Ընդհանուր առմամբ Ռուսաստանում այս հիվանդությամբ մոտ 2000 հիվանդ կա:
Կենտրոնը հեմոֆիլիայի բուժմամբ զբաղվում է 1973-ից ի վեր, եւ մասնագետի խոսքով, ամեն ինչ սկսվել է այնպես, ինչպես այլ երկրներում. նախ հիվանդներին կրիոպրեցիպիտատներ էին տալիս, որոնք, իհարկե, բավարար քանակությամբ առկա չէին, այդ պատճառով շատ հիվանդների մոտ արտրոպատիաներ, հոդերի հիվանդություններ էին զարգանում, որոնք նրանց հաշմանդամ էին դարձնում:
Շատ բան սակայն փոխվել է, երբ շուկայում հայտնվել են մակարդելիության գործոնները: Դրա շնորհիվ հնարավոր է դարձել ոչ միայն հաղթահարել հեմոֆիլիայով հիվանդների մոտ արյունահոսություններն ու արյունազեղումները, այլեւ կանխարգելիչ բուժման միջոցով խուսափել այդ արյունահոսություններից:
«Մեզ մոտ այդ դեղամիջոցները գուցե ավելի շուտ են հայտնվել, քան Հայաստանում, բայց Հայաստանում այսօր իրավիճակը վատը չէ, դեղամիջոցներ կան, իսկ հետագայում հավանաբար ավելի շատ կլինեն, այնքան, որ բավարար լինեն կանխարգելում իրականացնելու համար», - ասել է մասնագետը:
Հայաստանում, ինչպես նշել է Յուրի Պետրովը, վերջին տարիներին նվազում է արյունազեղումների հետեւանքով առաջացող հոդերի պաթոլոգիաներով հիվանդների թիվը: Ռուսաստանում կանխարգելիչ բուժման շնորհիվ նման հիվանդներ արդեն գրեթե չկան:
Նախկինում, երբ այդ դեղամիջոցները նոր էին հայտնվել, հիվանդները ստիպված էին լինում կամ գնել դրանք, կամ հովանավորներ փնտրել, վարկեր վերցնել: Դա բավականին բարդ էր, որովհետեւ այդ դեղամիջոցները բավականին թանկ արժեն: Բայց արդեն 10 տարի է` Ռուսաստանում գործում է հեմոֆիլիայի դեմ պայքարի պետական ծրագիր, որի շրջանակում պետությունն ամբողջ ծավալով գնում է գրանցված հիվանդների համար անհրաժեշտ դեղամիջոցները:
Մասնագետները հաշվարկում են յուրաքանչյուր հիվանդի համար անհրաժեշտ դեղամիջոցների թիվը, ինչից հետո հիվանդը դեղատոմսով կարող է գնալ դեղատուն եւ անվճար ստանալ իր դեղամիջոցները: Հետագայում կամ նա ինքնուրույն կներարկի դրանք, կամ էլ, եթե չկարողանա անել դա, բժշկական կենտրոնի բուժքույրերը կանեն:
Յուրի Պետրովը նշել է, որ Ռուսաստանում մակարդելիության գործոնների պակաս չկա. Ամեն տարի դեղամիջոցները գնվում են հաջորդ տարվա հաշվարկով, հաշվի առնելով առկա հիվանդների քանակը: Պահուստ էլ կա. տարվա ընթացքում նոր հիվանդներ են հայտնվում եւ նրանց դեղամիջոցներ են տրամադրում այդ պահուստից, մինչեւ որ նրանց ներառում են եկող տարվա պատվերների ցուցակում:
Խոսելով Ռուսաստանում հեմոֆիլիայի բուժման կազմակերպման խնդիրների մասին` Յուրի Պետրովը նշել է, որ այնտեղ հիմնական խնդիրը կապված է որոշ բնակավայրերի հեռու լինելու հետ: Ռուսաստանում մի քանի կենտրոն կա, որոնք զբաղվում են հեմոֆիլիայի բուժմամբ, բայց կան հսկայական թվով քաղաքներ եւ գյուղեր, որոնք այդ կենտրոններից շատ հեռու են: Այդ պատճառով հեռավոր շրջանների բնակիչները ընդունվում են կենտրոններ արդեն հաշմանդամությամբ եւ լուրջ խնդիրներով, որոնք զարգանում են արյունահոսությունների եւ արյունազեղումների հետեւանքով:






