Լեհաստանում 55 օր առաջ մահացած կինն առողջ երեխա է ունեցել: Բժիշկները շաբաթներ շարունակ պահպանում էին նրա կենսական օրգանների գործունեությունը, որպեսզի երեխան աճեր եւ կարողանար հնարավորինս հասուն ծնվել: 

Երեխայի 41-ամյա մայրը ուղեղի քաղցկեղ ուներ: Երբ նա հղիության 17-րդ շաբաթում էր, նրա վիճակը կտրուկ վատացել էր եւ ստիպված էին եղել շտապ գնալ հիվանդանոց:  Լեհական Վրոցլավ քաղաքի համալսարանական կլինիկական հիվանդանոցում նրան ուղարկել էին անզգայացման եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Այնտեղ բժիշկներն արձանագրել էին հիվանդի ուղեղի մահը:  

Չնայած հղիի սիրտը դեռ աշխատում էր, պարզ էր, որ նա ողջ չի մնա, իմիջիայլոց, երեխան եւս, քանի որ դեռեւս չափազանց փոքր էր մոր մարմնից դուրս ապրելու համար: Կնոջ ազգականները բժիշկներին խնդրեցին ցանկացած գնով փրկել երեխային: 

«Քանի որ հիվանդի սիրտը դեռ խփում էր, կարողացանք պահպանել այլ օրգանների աշխատանքը,-պատմել է պրոֆեսոր Անջեյ Կյուբլերը, որն անզգայացման եւ ինտենսիվ թերապիայի ամբիոնի վարիչն է: Մենք թոքերի արհեստական շնչառության սարք օգտագործեցինք, արհեստական երիկամ եւ շատ ուժեղ սրտանոթային դեղամիջոցներ: Սովորաբար մենք  օրգանիզմի կենսականորեն կարեւոր գործառույթները պահպանում ենք մեկ-երկու օր, բայց այստեղ խնդիրն այն էր, որ դա արվեր մի քանի շաբաթ, մինչեւ որ պտուղն ի վիճակի լիներ ինքնուրույն ապրել»:

Բժիշկներն ամեն օր դժվարությունների էին բախվում` մեկ կտրուկ նվազում էր ճնշումը, մեկ աճում էր արյան մեջ շաքարի մակարդակը: Օրգանների աշխատանքը պահպանելու համար ամենօրյա ինտենսիվ թերապիա էր անհրաժեշտ:  55 օր անց բժիշկները հասկացան, որ պետք է գործել, հակառակ դեպքում երեխային լուրջ վտանգ էր սպառնում: Այդ ժամանակ երեխան լույս աշխարհ եկավ կեսարյան հատման միջոցով: 

Բժիշկները հույս ունեին հղիությունը պահպանել գոնե մինչեւ  30-րդ շաբաթը, բայց երեխան ծնվեց  26-րդ շաբաթում, այսինքն ժամանակից 12-14 շաբաթ շուտ: Նա համարյա 40 օր անցկացրեց վերակենդանացման բաժանմունքում: 

Այժմ տղան առողջ է եւ տանն է` հոր հետ: Նա սնվում է արհեստական խառնուրդներով եւ ինքնուրույն շնչում է: