Այն տղամարդիկ, որոնք ակտիվորեն զբաղվում են ուժային մարզումներով եւ պրոտեինային կոկթեյլներ են օգտագործում, կարող են բավականին վաղ բախվել ճաղատացման խնդրին, պնդում են գիտնականները: 

Բժիշկ Թոմի Կուրեմադա-Զիոգան բացատրել է, որ պրոտեինների եւ ուժային մարզումների համադրությունը տղամարդու օրգանիզմում բարձրացնում է տեստոստերոնի եւ դիհիդրոտեստոստերոնի մակարդակը` երկու հորմոնի, որոնք պատասխանատու են ճաղատացման համար: 

Դիհիդրոտեստոստերոնն ի վիճակի է մազերում արագ միանալ ռեցեպտոր բջիջների եւ արգելափակել կարեւոր սննդանյութերը: Ժամանակի հետ դրանք հանգեցնում են մազային ֆոլիկուլների չորացման եւ մահացման: Հարցն այն է , որ կրեոտինը եւ դեհիդրոէպիանդրոստերոնը   (DHEA)  հաճախ են հանդիպում պրոտեինային հավելումներում. Դրանք նպաստում են ոչ միայն մկանային զանգվածի ավելացմանը, այլեւ բարձրացնում են օրգանիզմում տեստոստերոնի մակարդակը: 

Գիտնականներն ընդգծում են, որ մարզումները եւ պրոտեինային կոկթեյլները իհարկե դեպքերի 100 տոկոսում ճաղատացման չեն հանգեցնի: Նրանց խոսքով, խնդիրներ կառաջանան այն մարդկանց մոտ, որոնք ճաղատացման նախատրամադրվածություն ունեն կամ էլ ում մոտ արդեն դիհիդրոտեստոստերոնով պայմանավորված ճաղատացում է սկսվում:  

Հիշեցնենք, որ ճաղատացման տղամարդկային տեսակի բուժման արդյունավետ միջոցներ այս պահի դրությամբ չկան, իսկ այսօր լայնորեն գովազդվող մեթոդների արդյունավետությունն ապացուցված չէ: