Ինչպե՞ս է մեր ուղեղն ընկալում քննադատությունը: Եվ ուղեղի ո՞ր հատվածն է պատասխանատու բացասական բառերի ընկալման համար: Հետազոտողները ենթադրում են, որ երբ ուղեղն աշխատում է բացասական նյութի ընկալման ուղղությամբ, ուրիշ բանով չի զբաղվում:
«Ես պահում եմ բոլոր արձագանքները, որ ստացել են իմ գրքերը: Իսկ բացասականներն անգիր գիտեմ»,- ասում է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող գրական եւ կինոքննադատ Լեոնարդ Մալթինը:
Երբ դերասան Քրիստոֆեր Ուոլքենին հարցրել են, թե ինչ է զգում, երբ իր մասնակցությամբ ֆիլմերը քննադատում են, նա պատասխանել է. «դա միշտ շատ ծանր է»:
Իսկ Քեւին Քլայնն ասել է. «Դա գրվում է ոչ մեզ համար, եւ մեր կողմից հիմարություն կլիներ դրանք կարդալը»:
«Մի քննադատ ասել է, որ իմ ձայնը կարող է սպանել փոքրիկ գազաններին»,- հիշում է Քեթի Այրլենդը:
Ինչո՞ւ է այդքան դժվար տհաճ բաները մոռանալ: Բանն այն է, որ վատ նորություններն ավելի շատ են ազդում մեր ուղեղի վրա եւ այդպես եղել է դարերով: Մեր կյանքը կախված է նրանից՝ կկարողանանք արդյոք հիշել այն, ինչը վտանգավոր է մեզ համար, ինչը կարող է մեզ սպանել:
Երբ Լեոնարդ Մալթինին հարցրել են. «Դուք հաշվի նստո՞ւմ եք մարդկանց զգացմունքների հետ, երբ պատրաստվում եք նրանց մասին որեւէ վատ բան գրել», նա պատասախանել է. «Ինձ եւս քննադատել են: Բայց երբ սարսափելի ֆիլմ եմ տեսնում, որն ինձ մինչեւ հոգուս խորքը վիրավորում է, չեմ պատրաստվում մարդկանց զգացմունքների մասին մտածել»:
Ջոն Սայմոնն արդեն երկար տարիներ որպես քննադատ աշխատում է «Նյու Յորք» ամսագրում:
1977-ին նա մի լավ քննադատել է Լայզա Մինելիի Բրոդվեյյան The Act շոուն, այդ թվում՝ նրա արտաքինը՝ ասելով, որ նա «դուրս ցցված շուրթեր ունի, որոնք ի վիճակի չեն դիմադրել գրավիտացիային… եւ պարանոցի մեջ ներաճած կզակ»:
Երբ նրան հարցրել են՝ արդյոք մտածում է մարդկանց զգացմունքների մասին, երբ նման բան է գրում, նա պատասխանել է. «Ոչ այնքան: Քննադատը չի կարող իրեն թույլ տալ մտածել, թե իր հոդվածն ինչպես կազդի ռեժիսորի կամ գրողի վրա: Նա պետք է ճշմարտությունը գրի այնպես, ինչպես ինքն է այն ընկալում»:
Բժիշկ Մարտին Պաուլուսը Սան Դիեգոյի Քալիֆորնիական համալսարանից ուսումնասիրում է բացասական խոսքերի ազդեցությունն ուղեղի վրա:
Նա ասում է, որ ուղեղի առնվազն երկու հատվածները՝ նշաձեւ մարմինը եւ մեջտեղի նախաճակատային կեղեւը, քննադատության մշակման ժամանակ ավելի ուժեղ են գործում եւ ուղեղը հետ են պահում այլ «զբաղմունքներից»: Երբեմն քննադատներին պատասխան են տալիս:
Օրինակ՝ կրկնակի օսկարակիր Սիլվիա Մայլսը, որն առաջին անգամ «Օսկարի» արժանացել է 1969-ին՝ «Կեսգիշերային կովբոյը» ֆիլմում դերի համար, տեղեկացնում է CBS News-ը։
Երբ քննադատ Ջոն Սայմոնը 1973-ին նրան տեսել է բեմում, գրել է, որ նա նման է «երեկույթներում զվարճացողի եւ անկոչ հյուրի»:
Մայլսը Սայմոնից վրեժ է լուծել երեկույթի ժամանակ, որտեղ նրան հանդիպել է լիքը ափսեն ձեռքին:
«Տեսնեմ՝ նա այնտեղ կանգնած է,- հիշում է Մայլսը:- Երկար չմտածելով՝ ես պարզապես ափսեն նրա գլխին շրջեցի»:






