NEWS.am Medicine-ի ընթերցողների հարցերին պատասխանում է մանկաբույժ Զոհրապ Խանիկյանցը
1. Իմ փոքրիկը 1տարեկան 3 ամսական է, շատ շարժուն երեխա է, իսկ փոխարենը՝ հազիվ ենք կարողանում մի քանի գդալ կերակրել, որովհետեւ ընդհանրապես չի ուտում, ինչ հեքիաթ ու խաղ ասես փորձել ենք, բայց՝ անօգուտ, խնդրում եմ խորհուրդ տալ՝ ինչպես աղջկաս սովորեցնենք ուտել.... ի դեպ, ախորժակի վիտամիններ աղջկաս չի կարելի, որովհետեւ ալերգիկ է դեղորայքի հանդեպ: Ս. Գ.
- Եթե երեխան մեկ տարեկանից մի քիչ մեծ է, նա անորքեսիա ունի՝ ախորժակի վատացում՝ դա նյարդաբանական բնույթի հիվանդություն է: Այս դեպքում օրգանական բնույթի որեւէ հիվանդություն չկա: Երեխան շարժուն է, ինչը վկայում է, որ երեխայի զարգացման համար բավարար է այնքանը, որքան նա ուտում է: Սա չի նշանակում, որ պետք չէ երեխային կերակրել: Պետք է տարբեր միջոցներ փորձել: Այդ տարիքում երեխան պետք է օրական մեկ անգամ կաթնային խառնուրդ ստանա, սննդակարգում անպայման պետք է բանջարեղենային ապուր լինի: Ես հարգում եմ դդումը եւ դդմիկը, չեմ հարգում սմբուկը, որը փքվածություն է առաջացնում: Շիլաներից նախընտրելի են հնդկացորենինը եւ վարսակինը: Ինչ վերաբերում է սպիտակաձավարի շիլային՝ եթե երեխան ալերգիկ է, այն կարող է նպաստել ալերգիայի սրացմանը: Ալերգիան նաեւ նպաստում է, որ երեխան չի ուտում, եւ այդպիսով փակ շրջան է ստեղծվում: Այս դեպքում դեղորայքային բուժում չկա: Բայց ես ուզում եմ հանգստացնել ծնողներին՝ ժամանակի հետ ամեն բան կկարգավորվի եւ շատ կարեւոր է երեխային չստիպել չափից շատ ուտել, ստիպողաբար չկերակրել, որպեսզի նա վերջնականապես չկորցնի ուտելու ցանկությունը: Այս դեպքում երեխայի առողջությանը սպառնացող լուրջ ոչինչ չկա:
2. Իմ 3 ամսական երեխային ախտորոշել են տիմոմեգալիա։ Առաջ, որքան ես գիտեմ, նման ախտորոշման դեպքում պատվաստումներ չէին անում, բայց հիմա պոլիկլինիկայում ասում են, որ դա հակացուցում չէ։ Իրո՞ք դա այդպես է։ Ա.Ս.
- Շատ լուրջ հարց է եւ պատասխանը հետեւյալն է՝ կյանքը փոխվում է, բժշկությունը փոխվում է, գիտելիքները կատարելագործվում են: Եթե սրանից 10-20 տարի առաջ տիմոմեգալիային մեծ նշանակություն էին տալիս, ապա հիմա այն չի կարեւորվում: Տիմոմեգալիան տիմուսի (ուրցագեղձ) մեծացումն է: Ապացուցված է, որ այդ գեղձը ծնվելիս լիմֆոցիտներ է արտադրում՝ մինչեւ մոտ մեկ ամիս, իսկ դրանից հետո դրա գործառույթն անհետանում է, ուստի պետք չէ տիմոմեգալիայից վախենալ: Եվ անպայման պետք է պատվաստումներ անել:
3. Իմ նորածին փոքրիկին ծննդատանը հեպատիտ В-ի դեմ պատվաստում են արել: Մեզ բացատրեցին, որ հիմա այդ պատվաստումը պարտադիր կերպով ներառված է իմունոկանխարգելման ազգային ծրագրում: Ասացեք, խնդրեմ, որքանո՞վ է դա անվտանգ նորածնի համար: Եվ արդյոք երեխայի իմունային համակարգի համար մեծ ճնշում չէ՞ այսօր ընդունված բազմավալենտ պատվաստանյութը, արդյոք ավելի անվտանգ չէ՞ դրանք առանձին-առանձին անելը: Ս. Ա.
- Պարտավոր են հեպատիտ B-ի դեմ պատվաստել, քանի որ ներկայումս հեպտիտ B-ի վիրուսը տարածված է ամենուր, եւ դա անհրաժեշտ է այդ հիվանդության կանխարգելման համար: Եթե պատվաստումը տեխնիկապես ճիշտ է արվել, եւ վակցինան համապատասխանում է միջազգային չափանիշներին, երեխան չի հիվանդանա հեպատիտ B-ով: Դրանից ոչ ոք չպետք է հրաժարվի, դա ճիշտ չէ: Տեսեք, այսօր մեզ մոտ կյանքի համար վտանգավոր շատ հիվանդություններ չկան, եւ այդ ամենը՝ պատվաստումների շնորհիվ: Ինչ վերաբերում է բազմավալենտ պատվաստանյութերին, դրանք ընդունված են ամբողջ աշխարհում, փորձով աացուցվել է, որ հակացուցումներ չկան: Այլ հարց է, թե պատվաստանյութերը լինում են տարբեր երկրների, կան բրենդայիններ եւ ոչ բրենդայիններ…
4. Ես հրաժարվեցի հեպատիտ B-ի դեմ պատվաստումից, որը հիմա անում են ծննդատանը: Հնարավո՞ր է այն հետո ստանալ: Մինչեւ ո՞ր տարիքն է կարելի դա անել: Բացի դրանից՝ իմ բժիշկ ընկերուհիներից շատերն իրենց երեխաներին պարտադիր պատվաստումներ չեն անում: Ինչո՞ւմ է բանը՝ պատճառն ընդհարապես պատվաստումների անվտանգ չլինե՞լն է, թե՞ Հայաստան ներկրվող պատվաստանյութերի որակը: Յ. Ա.
- Եթե բժիշկն իր երեխային չի պատվաստում, ուրիշ երեխաների պատվաստելու ոչ մի բարոյական իրավունք չունի: Հայաստան ներկրված վակցինաների որակի մասին ոչինչ ասել չեմ կարող, բայց կարող եմ ասել, որ պատվաստումների պատճառով հիվանդ երեխաների թվի աճ չենք գրանցել:
5. 5-ամյա աղջկա կարճատեւ, ընդհատվող հազը շատ երկար ժամանակ չի անցնում, գրիպից հետո արդեն մեկ ամիս անցել է: Ի՞նչ կարող է դա լինել եւ ի՞նչ անել: Յ. Ա.
- Դա կարող է նշանակել, որ 5-ամյա երեխան հիվանդացել է վիրուսային հիվանդությամբ, մենք կամ չենք հասկացել հիվանդության սրությունը, կամ այն ինքնահոսի ենք թողել, չենք բուժել: Հիվանդությունը պետք է սկզբից բուժել: Ինչ վերաբերում է հազին՝ անպայման պետք է զննել երեխային… Հազն իր օրգանական պատճառն ունի: Այսինքն՝ արդյոք շնչուղիներում խզզոց լսվո՞ւմ է: Եթե այո, ապա արդեն պետք է բուժել վիրուսային հիվանդությունը, որն արտահայտվում է լարինգիտով, տրախեիտով, բրոնխիտով՝ դա բժշկի գործ է: Սակայն հաճախ լինում է, որ երեխան ոչ մի օրգանական խնդիր չի ունենում, բայց ունենում է մնացորդային հազ: Այդպիսի հազի համար դեղամիջոց չկա: Օրինակ՝ սինեկոդը, որը կանխարգելում է հազը, չի կարելի տալ, ընդհակառակը՝ պետք է որեւէ խորխաբեր միջոց տալ, ցանկալի է՝ բուսական ծագման: Ես խորհուրդ կտայի ծովի ջրի հիմքով կաթիլներ կաթեցնել երեխայի քթի մեջ, շատ հեղուկ տալ: Նաեւ տեղային բուժում է հնարավոր՝, օրինակ՝ «Դոկտոր մոմ» քսուկի օգտագործմամբ, կալիումի յոդի երկու տոկոսանոց լուծույթով, այլ ժողովրդական միջոցներով: Բայց այդ հազը պետք է ինչ-որ պահի դադարի, այն չի կարող երկար շարունակվել, եթե երկար ժամանակ շարունակվում է, հնարավոր է՝ այն ալերգիկ բնույթի է, այդ դեպքում պետք է ալերգեններ փնտրել: Լինում է նաեւ ջղաձգական, սպաստիկ հազ, եւ այդ դեպքում, եթե կապույտ հազի կասկած կա, պետք է ինֆեկցիոն հիվանդանոցում համապատասխան հետազոտություն անցնել:
6. Եթե երկու տարեկան տղան դեռ չի խոսում, արդյոք պե՞տք է անհանգստանալ այս առիթով, թե՞ հանգիստ լսել տատիկների կարծիքը, որ տղաներն ուշ են սկսում խոսել եւ անհանգստանալու պատճառ չկա:
- Սա վերաբերում է եւ՛ տղաներին, եւ՛ աղջիկներին: Տարիքը, երբ երեխաները սկսում են խոսել, շատ անհատական է: Կան երեխաներ, որ խոսել սկսում են 3 տարեկանից, իսկ կան երեխաներ, որոնք արդեն 10-ամսեկանից սկսում են ինչ-որ բան արտաբերել: Ես խորհուրդ կտայի նման դեպքերում երեխայի համար խոսքերով երաժշտություն, երգերով մուլտֆիլմեր միացնել: Դա կնպաստի նրան, որ երեխան խոսի: Այն, որ նա ի վերջո կխոսի, միանշանակ է: Տվյալ դեպքում պետք չէ անհանգստանալ, բայց կարելի է նյարդաբանի հետ խորհրդակցել:
7. Իմ տղան մայիսին կդառնա 6 տարեկան, ընդհանուր առմամբ առողջ է, սակայն ունի մի խնդիր՝ գիշերային անմիզապահություն։ Մի քանի անգամ փորձել ենք նրան հետ պահել դրանից, երեկոյան սահմանափակել ենք հեղուկի օգտագործումը, գիշերները մի քանի անգամ արթնացրել եւ զուգարան ենք ուղեկցել, բայց առայժմ անարդյունք՝ նա շարունակում է «թրջել» անկողինը։ Ստիպված մինչեւ հիմա նրան պամպերսով ենք քնեցնում։
Ես կցանկանայի մանկաբույժ-բժշկից խորհուրդ հարցնել՝ ինչպե՞ս վարվել մեր պարագայում, կա՞ն արդյոք այնպիսի հաստատություններ կամ դեղամիջոցներ, որոնք կարողանան լուծել այս խնդիրը։ Ավելացնեմ, որ դիմել ենք մի քանի մանկաբույժի, որոնք որոշ դեղամիջոցներ են նշանակել մեր երեխայի մոտ գիշերն արտադրվող մեզի քանակությունը սահմանափակելու համար, սակայն դրանք առայժմ որեւէ նշանակալից օգուտ չեն տվել։ Հ․Դ․
- Քնելուց առաջ հեղուկ չտալ խորհուրդ եմ տալիս, գիշերը զուգարան տանել՝ եւս: Բայց պետք է անպայման նյարդաբանի դիմել, նաեւ ստուգել միզամուղ համակարգը՝ դիմել նեֆրոլոգի եւ ուրոլոգի՝ բացառելու համար հիվանդության օրգանական ծագումը: Հարցում թվարկված բոլոր միջոցները պետք է ձեռնարկել: Այս դեպքում ակնհայտ դեղորայքային բուժում չկա, դա աստիճանաբար կանցնի, բայց ամեն դեպքում, սրանով նյարդաբանը պետք է զբաղվի:
8. Ասացեք խնդրեմ, որո՞նք են մանկական աուտիզմի ախտանիշերը: Լ.Ա.
- Մենք՝ մանկաբույժներս, չենք զբաղվում աուտիզմով, դա մեր ոլորտը չէ: Ամեն դեպքում, կարող եմ ասել, որ Հայաստանում աուտիզմով հիվանդ երեխաները շատ չեն: Այդ երեխաներն իրենց հոգեկան առանձնահատկություններն ունեն, նրանք այդպիսին են ի ծնե: Ցավոք, ներկայումս աուտիզմի դեմ դեղամիջոց չկա, եթե երեխան աուտիկ է, մնում է հաշտվել դրա հետ…
9. Իմ երեխան, որը 2 ամսական մեկ շաբաթական է, մանկական Humana 1 է ուտում: Բայց դրանից խախտվում է նրա աղիների աշխատանքը: Ի՞նչ անենք: Նշեմ, որ սա արդեն երրորդ մակական կերն է, որը մենք փորձում ենք տալ փոքրիկին:
- Երեխայի բախտը սնվելու հարցում չի բերել… Կրծքի կաթ չկա, տալիս ենք մանկական սննդային խառնուրդներ, երեխայի օրգանիզմը դրան հարմարված չէ, դրան ժամանակ է պետք ընտելանալու համար: Իսկ այս դեպքում կարճ ժամանակում 3 խառնուրդ են փոխել: Երեխայի օրգանիզմը պարզապես չի հասցնում ընտելանալ: Այս փոքրիկը պետք է տեղամասային մանկաբույժի հսկողության տակ լինի:
10. Իմ 3 տարեկան աղջիկը մշտապես փորկապություն է ունենում, առանց լրացուցիչ միջոցների՝ մի գդալ արեւածաղկի ձեթի, կամ այլ միջոցի նրա աղիները չեն գործում, մենք նույնիսկ որոշ ժամանակ դյուֆալակ էինք տալիս: Ոչինչ չտալու դեպքում աղիները լավագույն դեպքում երկու օրը մեկ են գործում: Ինչպե՞ս լուծել այս խնդիրը: Ա. Վ.
- Այդ տարիքում փորկապությունը, որպես կանոն, ֆունկցիոնալ բնույթի է լինում, ուստի պետք է հետեւել երեխայի սննդակարգին, շատ հեղուկ տալ, հարցում թվարկված միջոցները եւս լիովին ընդունելի են: Բայց կարող է օրգանական բնույթի խնդիր լինել, ուստի պետք է անպայման գաստրոէնտերոլոգի դիմել:
11. Ինչպե՞ս կարելի է տնային պայմաններում ամրացնել փոքր երեխաների առողջությունը, եթե ծնողները ծով տանելու կամ լեռներում հանգստանալու հնարավորություն չունեն: Գ. Վ.
- Պետք է նորմալ սննդակարգ եւ ռեժիմ պահպանել: Եթե ծով գնալու հնարավորություն չկա, ապա, հավանաբար, ամառանոց կամ տան մոտ այգի կա, այնպես որ, միշտ կարելի է դուրս գալ մաքուր օդ շնչելու: Շոգ եղանակին պարտադիր է ամենօրյա լոգանքը: Սառը-տաք ջրային պրոցեդուրաները կարելի է անել ավելի մեծ՝ 14-15 տարեկան երեխաներին:
12. Ո՞ր տարիքից կարելի է մաքրել ատամները եւ ի՞նչ հաճախականությամբ: Գ. Վ.
- Ատամները պետք է մաքրել մեկ տարեկանից հետո, օրական երկու անգամ: Բայց ես չեմ տեսել, որ մեզ մոտ դա անեն…






