Չնայած մաշկի բջիջների վրա ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցության վերաբերյալ առկա կարծիքին, շվեդ գիտնականները կարողացել են ապացուցել, որ արեւի լոգանքների հանդեպ սերը երկարացնում է կյանքը:
Ամեն մարդ սպասում եւ ուրախանում է վառ արեւի հայտնությամբ ոչ միայն հանգստանալու եւ տաք օրերը վայելելու հնարավորության պատճառով: Ամբողջ հարցը օրգանիզմի բնական ցանկությունն է, որն ավելի շատ ուլտրամանուշակագույն ճառագայթներ է պահանջում: Ուժասպառ անող ձմեռվանից եւ օգտակար տարրերի պակասից հետո մարդը վիտամինները եւ հանքանյութերը, մանավորապես` կալցիֆերոլները կամ D խմբի նյութերը լրացնելու սուր կարիք է զգում: Օրգանիզմում կալցիֆերոլների կարեւոր աղբյուրներից մեկն արեւի ճառագայթների ուղղակի ազդեցությունն է:
Տվյալ վիտամինները հատկապես անհրաժեշտ են ոսկրային հյուսվածքում կալցիումի նստվածքի համար, որպեսզի կմախքը նորմալ աճի եւ զարգանա:
Սակայն արեւի ճառագայթները կարող են ոչ միայն ամրապնդել ինքնազգացողությունը, այլեւ վնաս հասցնել առողջությանը: Մաշկը զրկելով բջիջների վերականգնման համար անհրաժեշտ խոնավությունից` արեւի ճառագայթները հանգեցնում են մաշկի վաղ ծերացման: Գիտնականները վաղուց տեւական բանավեճեր են անցկացնում ուլտրամանուշակագույն ճառագայթների վերաբերյալ որպես մելանոմայի կամ մաշկի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառ` մեկ հաստատելով, մեկ հերքելով իրար:
Հետազոտական խումբը Շվեդիայից, որի բնակիչները ռիսկի խմբի մեջ են մտնում բաց մաշկի պատճառով, որոշել է եւս մեկ անգամ վերլուծել ՈՒՄ ճառագայթների ազդեցությունը մարդու առողջության վրա: Տվյալների երկարատեւ հավաքումից եւ վերլուծությունից հետո գիտնականներն ապշեցուցիչ եզրակացության են հանգել. արեւի լոգանքների հանդեպ սիրո եւ կյանքի տեւողության միջեւ ուղիղ կախվածություն կա: Չնայած այն բանին, որ արեւի լոգանքը մեծացնում է մաշկի քաղցկեղի զարգացման ռիսկը, այն մարդիկ, որոնք հաճախ են արեւի լոգանքներ ընդունում, ավելի երկար են ապրում, քան նրանք, որոնք խուսափում են արեւից: Գիտնականների հաշվարկների համաձայն, արեւի լոգանքի սիրահարների կյանքի տեւողությունը երկու տարով ավելի է: Հետազոտության արդյունքներն արդեն հրապարակվել են Journal of Internal Medicine-ում:
Հետազոտությանը, որը մոտ 20 տարի է տեւել, մասնակցել է 25-ից 64 տարեկան ավելի քան 29,5 հազար շվեդուհի: Որոշելու համար, թե ուրիշ ինչ գործոններ կարող են ազդել կյանքի տեւողության վրա, գիտնականները մասնակիցներին հարցրել են ինքնասպանության հնարավոր հակման, արեւի լոգանքի հանդեպ վերաբերմունքի, ամուսնական կարգավիճակի, վտանգավոր սովորույթների, կրթության մակարդակի եւ երեխաների քանակի մասին: Դինամիկայում հետեւելով փորձարկվողների առողջական վիճակի մասին տվյալներին` գիտնականները նկատել են, որ արեւի տակ հաճախակի մնալը նվազեցնում է սրտի մահացու հիվանդությունների ռիսկը: Հետազոտողները հակված են սրտային հիվանդությունների հանդեպ կայունությունը կապել արեւի լոգանք ընդունողների օրգանիզմում D վիտամինի բարձր պարունակության հետ:
Բացի այդ, հետազոտողները նկատել են, որ ծխող կանանց մոտ, որոնք սիրում են արեւի լոգանք ընդունել եւ այն շվեդուհիների, որոնք վնասակար սովորույթներ չունեն եւ չեն ցանկանում խախտել մաշկի բնական գունատությունը, կյանքի տեւողությունը մոտավորապես հավասար է:
Ի գիտություն ընդունելով սեփական հետազոտությունների արդյունքները եւ գործընկերների նախորդող փորձը, շվեդ գիտնականները խորհուրդ են տալիս թերահավատության խելամիտ չափաբաժնով վերաբերվել արեւի լոգանքի վերաբերյալ բոլոր սարսափեցնող զգուշացումներին: Արեւից թաքնվելով` հնարավոր է օրգանիզմին ավելի շատ վնաս հասցնել, քան օգուտ:






