Տղամարդիկ ավելի հաճախ են հետաքրքրվում սպորտով եւ զբաղվում դրանով, իսկ կանայք, ընդհակառակը, խուսափում են դրանից էվոլյուցիոն պատճառներով. էվոլյուցիան տղամարդկանց մղել է շրջապատի հետ մրցակցության, իսկ կանանց` նրանց հետ համագործակցության: Այդ մասին ասված է հոդվածում, որը հրապարակվել է Evolutionary Behavioral Sciences-ում:
Ռոբերտ Դիները (Robert Deaner) Ալլենդեյլի Գրանդ Ուելլիի համալսարանից (ԱՄՆ) եւ իր գործընկերները վերլուծել են մի քանի հարյուր գիտական աշխատանքների հեղինակների հավաքած տվյալները, որոնք վերաբերում են աշխարհի ամենատարբեր երկրներում կանանց եւ տղամարդկանց մասնակցությանը տարբեր մարզաձեւերի:
Վերլուծությունը ցույց է տվել, որ աշխարհի բոլոր երկրներում եւ սպորտի գրեթե բոլոր տեսակներում տղամարդիկ մոտավորապես երկու անգամ ավելի հաճախ են զբաղվում կամ հետաքրքրվում սպորտով, անկախ այն բանից, թե կանայք որքանով են համարում, որ իրենց իրավունքները ոտնահարված են այս կամ այն խաղերի եւ մրցույթների մասնակցելու կամ դիտելու առումով: Դիների եւ իր գործընկերների կարծիքով դա նշանակում է, որ այն հանգամանքը, որ կանանց համեմատաբար փոքր մասն է սպորտով զբաղվում, բացատրվում է ոչ թե նրանց նկատմամբ խտրականությամբ, այլ նրանով, որ սպորտը նրանց ուղղակի հետաքրքիր չէ:
Գիտնականները նշում են, որ անցյալում տղամարդիկ ստիպված էին լինում իրենց որսորդական կամ ռազմական հմտությունները ցուցադրել կանանց ուշադրությունը գրավելու համար` մրցակցելով արական սեռի այլ առանձնյակների հետ, եւ նման բնազդները տղամարդկանց այսօր կարող են մղել մասնակցելու սպորտային մրցումների:
Դիների եւ իր գործընկերների խոսքով, դրա հետքերը կարելի է գտնել դեռեւս մարդու ներարգանդային զարգացման փուլում. մոր օրգանիզմը ապագա որդուն լիովին այլ հորմոններ է մատակարարում, քան աղջիկներին: Սոցիոլոգների դիտարկումները ցույց են տալիս, որ նույնիսկ անցումը տղաների եւ աղջիկների միանման դաստիարակության չի կարող ջնջել այդ կենսաբանական տարբերությունները:
Այդ նկատառումներով ղեկավարվելով` հոդվածի հեղինակները եզրակացրել են, որ տղամարդկանց եւ կանանց միջեւ սպորտի մասնակցելու եւ դրա նկատմաբ հետաքրքրության տարբերությունները պայմանավորված են ոչ թե խտրականությամբ կամ սոցիալիզացիայի տարբերություններով, այլ կենսաբանական եւ էվոլյուցիոն պատճառներով:






