Պակիստանում բժիշկները փորձում են գտնել երկու եղբոր տարօրինակ պահվածքի պատճառը գիշերային ժամերին: Ցերեկը տասներեքամյա Շոայբ Ահմեդը (Shoaib Ahmed) եւ Աբդուլ Ռաշիդը (Abdul Rashid), որն ինը տարեկան է, իրենց լիովին նորմալ են պահում: Սակայն մայրամուտից եւ մութն ընկնելուց հետո նրանք կորցնում են շարժվելու եւ խոսելու կարողությունը:
Պակիստանի բժշկական գիտությունների ինստիտուտի (Pakistan Institute of Medical Sciences) պրոֆեսոր Ջավեդ Աքրամը (Javed Akram) նշում է, որ բժիշկներն առայժմ չեն կարողանում բացատրել այս վիճակը:
Բժիշկներն արդեն բազմաթիվ հետազոտություններ են անցկացրել` փորձելով պարզել, թե ինչ է տեղի ունենում եղբայրների հետ մայրամուտից հետո: Տղաների արյան նմուշներն արդեն ուղարկվել են այլ երկրների մասնագետ բժիշկների, բացի այդ, գիտնականները վերլուծում են երեխաների բնակավայրի հողի եւ օդի նմուշները: Բժիշկները նշում են, որ մութն ընկնելը տարօրինակ վիճակի հիմնական պատճառն է. եթե տղաները ցերեկը մտնում են մութ տարածք, նրանց պահվածքի մեջ ոչ մի տարօրինակ բան տեղի չի ունենում:
Տղաների ծնողները մոտ ազգականներ են. նրանց վեց երեխայից երկուսը մահացել են մանուկ հասակում, մյուս երկուսի մոտ նման ախտանիշները բացակայում են: Ընտանիքն ի վիճակի չէ վճարել երեխաների բուժման եւ հետազոտության համար, այդ պատճառով պետությունն է միջոցներ տրամադրել բժշկական պրոցեդուրաների համար:






