Ամերիկյան Այովա նահանգի բնակչուհի Չերիտի Փիրսին, որն աշխարհի ամենագեր կին է ճանաչվել, հաջողվել է նիհարել 200 կգ-ով:
Ընդամենը երկու տարի առաջ 38-ամյա Չերիտին մոտ 358 կգ էր կշռում եւ ամեն անգամ սարսափում էր, երբ այդ թիվը երեւում էր կշեռքի վրա: Կինը չէր աշխատում եւ ժամանակի մեծ մասը տանն էր անցկացնում, գրում է The Daily Mail-ը:
Սակայն սեփական կյանքի համար վախը, ինչպես նաեւ դստեր` Չառլիի համար տագնապը, որը մոր օրինակով սկսել էր չափազանց շատ ուտել եւ արագ գիրանալ, նրան ստիպեցին զբաղվել իրենով:
Չերիտին սննդակարգի անցավ, ինչպես նաեւ ստամոքսի կրճատման եւ մարմնի ավելորդ զանգվածի եւ կախված մաշկի հեռացման մի քանի վիրահատություն կատարեց:
«Երբ ես 350 կգ էի, բանտարկված էի սեփական մարմնում,-խոստովանել է կինը հեռուստաշոուի ընթացքում: Սակայն պարզվեց, որ ավելորդ քաշից ազատվելն անհամեմատ ավելի բարդ է, քան կարող էի պատկերացնել»:
Մինչեւ սննդակարգի անցնելը, Չերիտիի ամենօրյա սննդակարգի մեջ մտնում էին վարսակի փաթիլներ, երկու պիցցա, երկու մեծ բուտերբրոդ, հինգ փքաբլիթ, երկու ափսե լազանյա, շոկոլադ, մի մեծ աման պոպկոռն եւ թխվածքաբլիթ: Բայց այժմ իր սիրած մարդու աջակցությամբ նա ամեն օր երեք յոգուրտ է ուտում, բանան գետնանշի յուղով, բանջարեղեն, խորոված հավ, բուսակերական պիցցա եւ քրեքերներ:
Իր վիրահատություններից մեկից հետո Չերիտին նկատել է, որ Չառլին սկսել է վնասակար սնունդ ընդունել եւ արագ գիրանալ:
«Ես գիտեմ, թե ինչ է նշանակում շատ գեր կին լինելը եւ ես նրա համար դա չեմ ցանկանում: Սակայն երբ փորձում եմ խոսել այդ մասին, նա շատ է հուզվում: Ես չեմ ուզում, որ նա լաց լինի, բայց նաեւ չեմ ուզում, որ վտանգի ենթարկի իր առողջությունը », - ասում է Փիրսը:
Այժմ Չառլին մոտ 180 կգ է: Աղջկան օգնելու, ինչպես նաեւ նրա համար, որ ինքը շարունակի նիհարել, Չերիտին նրա հետ միասին առողջ սննդի եւ ֆիզիկական ծանրաբեռնվածության պլան է մշակել հեռուստաշոուի մասնագետների օգնությամբ, որին նա մասնակցել է: Այսպես մայր եւ աղջիկ աջակցում եւ ոգեւորում են իրար` թույլ չտալով նահանջել նշված նպատակից:













