Այն մարդիկ, որոնք ապրում են որեւէ ջրավազանի կողքին, սթրեսի ավելի ցածր մակարդակ ունեն, բայց ահա պատուհանից բացվող կանաչ տեսարանները սթրեսից չեն փրկում, ցույց է տվել Միչիգանի համալսարանի նոր հետազոտությունը: Հետազոտողները հավաքել են տեղեկություններ նոր Զելանդիայի մայրաքաղաք Վելինգթոնի բնակելի տներից բացվող տեսարանների մասին, պատմում է NDTV–ը:
Վելինգթոնը հյուսիսից Տասմանյան ծովի ափին է, իսկ հարավից՝ Խաղաղ օվկիանոսի: Գիտնականները հետաքրքրվել են, թե տների պատուհաններից ինչ տեսարան է բացվում ՝ դեպի ջրավազա՞ն, թե՞ դեպի կանաչ տարածքներ: Նաեւ մասնագետները գնահատել են այդ մարդկանց մոտ սթրեսի մակարդակը: Հայտնի է, որ սթրեսի բարձր մակարդակը բարձրացնում է նաեւ հոգեկան խնդիրների, օրինակ տրամադրության խանգարումների հավանականությունը:
Հետազոտողները հայտնաբերել են, որ օվկիանոսի տեսարանը բարերար ազդեցություն ունի հոգեկան առողջության վրա: Իսկ օրինակ կանաչ տարածքների տեսարանը նույն ազդեցությունը չուներ: Մասնագետները հաշվի են առել նաեւ այն գործոնները, որոնք կարող էին ազդել արդյունքների վրա ՝ օրինակ տարիքը, սեռը ու նյութական դրությունը: Կանաչ տարածքներ ասելով՝ գիտնականները նկատի են ունեցել ոչ միայն անտառները, այլեւ խաղահրապարակները, մարզադաշտերը: Գուցե հենց դա է պատճառը, որ դրանք չեն նվազեցրել սթրեսի մակարդակը:






