Մոծակի ընդամենը մեկ խայթոցը փոխել է Ռայմունդո անունով բրազիլացու կյանքը: 20 տարի առաջ նրան խայթած մոծակը վարակել է ավշային ֆիլյարոզով, որը հայտնի է նաեւ որպես էլեֆանտիազ կամ «փղային հիվանդություն»: Այժմ տղամարդու ձախ ոտքը այնպես է փքվել, որ փղի վերջույթի է նմանվել:
Այդ ապշեցուցիչ վարակը վնասում է մարդու ավշային համակարգը եւ սովորաբար ուղեկցվում է վերջույթների եւ սեռական օրգանների ուժեղագույն այտուցմամբ: Թրթուրներից դուրս եկող որդերը, որոնք օրգանիզմ են ընկնում խայթոցի ընթացքում, կարող են վնասել հիվանդի նույնիսկ երիկամները եւ ավշային հանգույցները, առանց հիվանդության արտաքին դրսեւորումների:
Ներկայումս Ռայմունդոն բուժվում է իր քաղաքի հիվանդանոցում: Կլինիկայի բժիշկները, ուր առաջին անգամ դիմել էր նա, կարողացան նկատելիորեն նվազեցնել նրա ոտքի այտուցվածության ծավալը (ի սկզբանե բժիշկները չէին կարողանում նույնիսկ ձեռքերով ընդգրկել նրա վերջույթը չափելու համար): Այնուամենայնիվ, հիվանդը դեռ երկարատեւ բուժում պիտի անցնի:
Ամենից հաճախ մակաբույծը մարդու օրգանիզմում է հայտնվում մանուկ հասակում, սակայն հիվանդությունը սկսում է ի հայտ գալ հասուն տարիքում եւ կարող է կայուն հաշմանդամություն առաջացնել: Այտուցները սովորաբար ի հայտ են գալիս մաշկի մանրէական վարակման հետեւանքով, որովհետեւ նորմալ իմունային հակազդեցությունը մասամբ կորսվում է հիվանդության հետեւանքով ավշային վնասվածքների պատճառով: Դեղերի միջոցով հնարավոր է մակաբույծներին մաքրել օրգանիզմից, բայց եթե փղայնությունն արդեն զարգացել է, դրա դեմ պայքարը շատ երկար եւ բարդ կլինի:










