Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) 194 անդամ երկրի պատվիրակությունները մայիսի 23-ին կհավաքվեն Ժնեւում` քննարկելու Էբոլայի եւ Զիկայի նման  վտանգավոր հիվանդությունների բռնկումներին առավել արագ եւ արդյունավետ հակազդեցության հարցը: Հիշեցնենք, որ  69-րդ Վեհաժողովի եվրոպական տարածաշրջանի փոխնախագահը Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն է:

Երկուշաբթի բացվող Առողջապահության համաշխարհային վեհաժողովը, որը ԱՀԿ-ի գլխավոր ամենամյա ֆորումն է, կքննարկի  ՄԱԿ-ի ընդունած` կայուն զարգացման եւ ԱՀԿ-ում բարեփոխումների օրակարգի իրականացման ընթացքը: Ուշադրության կենտրոնում կլինի նաեւ երեխաների եւ մայրերի, տարեցների, միգրանտների  առողջությունը, պայքարը ոչ վարակիչ հիվանդությունների դեմ, աշխարհում մանկական դեղերի պակասը հաղթահարելու միջոցները, գրիպի պանդեմիային նախապատրաստման միջոցառումները:  

«Այս տարվա վեհաժողովը երբեւէ անցկացվածների մեջ ամենախոշորն է, ֆորումի նախօրեին մամուլի ասուլիսին հայտնել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Մարգարեթ Չենը:  Նստաշրջանին նրա աշխատանքի վեց օրվա ընթացքում մոտ    3,5 հազար մարդ կմասնակցի: Կքննարկվի օրակարգի 76 կետ եւ ավելի քան 1200 էջ ծավալով 74 փաստաթուղթ: Քննարկման է դրվել որոշման   21 նախագիծ»:

Վեհաժողովի շրջանակում մոտ 30 տարբեր թեմատիկ միջոցառումներ կանցկացվեն եւ բազմաթիվ տեխնիկական ճեպազրույցներ, աշխատանքային նախաճաշեր եւ ճաշեր: 

Չենը մամուլի ասուլիսին նշել է, որ 69-րդ վեհաժողովի գլխավոր թեման մինչեւ 2030 թվական կայուն զարգացման 17 նպատակների իրականացման ընթացքն է: Նա հիշեցրել է, որ այդ նպատակները վերաբերում են «բոլոր երկրներում բոլոր մարդկանց», եւ ԱՀԿ-ն  պետք է կարեւոր դեր խաղա ՄԱԿ-ի նախանշած  խնդիրների իրականացման գործում: «Մենք շատ դասեր ենք քաղել Էբոլայից եւ մենք այդ դասերը կիրառում ենք արտակարգ իրավիճակների վերաբերյալ նոր ծրագրում,-ասել է գլխավոր տնօրենը: Այդ պատճառով ԱՀԿ-ի անդամները կքննարկեն նոր ծրագիրը, որը մենք խորհուրդ ենք տալիս»: Խոսքը նաեւ կազմակերպության բյուջեի ավելացման մասին է, հավելել է Չենը: 

Որպես հատուկ հրավիրված հյուր, նստաշրջանին ելույթ կունենա ՄԱԿ-ի` Կլիմայի փոփոխության վերաբերյալ շրջանակային համաձայնագրի գործադիր քարտուղար Քրիստիանա Ֆիգերեսը: