CNN The chart բլոգն առաջարկում է իմանալ մի քանի նորագույն գիտական հետազոտություների մասին, որոնք Դուք, հնարավոր է, բաց եք թողել:
1) Բուժքույրերին հանգիստ է պետք
Եվրոպական հիվանդանոցներում կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ գերհոգնած բուժքույրերը մեծացնում են հիվանդների մահացության ռիսկը: Մեկ բուժքրոջ հաշվով մեկ ավել հիվանդի մահվան ռիսկը մեծանում է 7%-ով: Իսկ բակալավրի աստիճան ունեցող բուժքույրերի թվի 10%-ով մեծանալու դեպքում այդ հավանականությունը նվազում է նույն թվով, The Lancet ամսագրում հայտնում են հետազոտողները ԵՄ անդամ մի քանի երկրից:
«Գումար խնայելու նպատակով բուժքույրերի թվի կրճատումը կարող է բացասաբար անդրադառնալ բուժման արդյունքների վրա»,- ասված է հոդվածում: Գիտնականները հիմնվել են եվրոպական 9 երկրից ավելի քան 400 000 հիվանդների տվյալների վերլուծության վրա:
2) Մկների մաշկի բջիջները փոխակերպել են լյարդի բջիջների
Սան Ֆրանցիսկոյում Քալիֆորնիական համալսարանի հետազոտողները Գլեդսթոունի ինստիտուտի հետ համատեղ մեթոդ են մշակել, որը կարող է հույս տալ փոխպատվաստման սպասող հազարավոր հիվանդների. նրանք կարողացել են մկների մաշկի բջիջները վերածրագրավորել լյարդի գործող բջիջների:
«Մեր մշակումներն ապագայում այլընտրանք կդառնան լյարդի անբավարարությամբ տառապող հիվանդների համար, որոնք օրգանի լրիվ փոխպատվաստման կարիք չունեն»,- ասում է հետազոտող Հոլգեր Վիլլենբրինգը:
Վիլլենբրինգը եւ Գլեդսթոունի ինստիտուտի ավագ գիտաշխատող Շենգ Դինգը լաբորատոր պայմաններում գեների եւ քիմիական նյութերի համադրման միջոցով մաշկի բջիջներից լյարդի բջիջներ են ստանում:
3) Ալցհեյմերի հիվանդությունը վնասում է երկրվորյակների ուղեղների նույն հատվածը
Երկար տարիներ Ալցհեյմերի հիվանդությամբ տառապելուց հետո մահացած երկվորյակների ուղեղի նույն հատվածներն են վնասված եղել, պնդում են քալիֆորնիացի եւ շվեդ գիտնականները:
Փորձագետներն ուսումնասիրել են երկվորյակների 7 զույգի, նրանց թվում՝ միձվանի երկվորյակներ, որոնք մահացել են Ալցհեյմերի հիվանդությունից 98 տարեկանում: Ստացված արդյունքները հաստատում են ավելի վաղ արված ուսումնասիրությունները, որ գենետիկան կարող է որոշել, թե մարդը որքանով է ենթակա Ալցհեյմերի եւ այլ հիվանդությունների ռիսկին, ասում է Հարավային Քալիֆորնիայի համալսարանի հոգեբան Մարգարեթ Հաթցը, որը ղեկավարել է հետազոտությունը:
«Մենք դիտարկել ենք ոչ միայն հիվանդության տարբերիչ ցուցանիշները, այլեւ ուղեղի ընդհանուր նեյրոպաթոլոգիկ վնասվածքները: Պարզվել է, որ միձվանի երկվորյակների դեպքում նույնական պաթոլոգիաների ռիսկը շատ ավելի մեծ է»,- ասում է Հաթցը:
4) Նոր գիտելիքները բառացիորեն վերակառուցում են մարդու ուղեղը
Բրիտանական Կոլումբիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ գիտելիքները մարդու ուղեղում միացնում են ճարպային թթուն եւ սպիտակուցը, եւ այդ բացահայտումը կարող է բացատրել որոշ մտավոր խանգարումներ:
Գիտնականներն առաջին անգամ նկարագրել են այդ սպիտակուցի, որը հայտնի է որպես դելտա-կատենին, դերը հիշողությունների ձեւավորման գործընթացում:
Նոր պայմանների ազդեցությանը ենթարկված կենդանիների ուղեղում դելտա-կատենինը երկու անգամ ավելի շատ է եղել, ասում են հետազոտության հեղինակներ Շերնազ Բամջին եւ Ստեֆանո Բրիգիդին: Ուղեղի բջիջների ձեւավորման գործում այդ սպիտակուցի դերը մանրամասնորեն ուսումնասիրելով՝ կարելի է հասկանալ, թե ինչպես են տեղի ունենում դեֆորմացիաներն Ալցհեյմերի եւ Հանթինգթոնի հիվանդությունների դեպքում, ասում են գիտնականները:






