Կանանց համար անհամեմատ ավելի հեշտ է ծխելը թողնել դաշտանային ցիկլի նախաշեմին կամ դրա ամենասկզբում, հայտնում են Փենսիլվանիայի նահանգի համալսարանի Բժշկական դպրոցի աշխատակիցները: 

Տվյալ հետազոտությունը սկսելով` գիտական խումբն ուսումնասիրել է նախորդ հետազոտությունները, որոնք ապացուցում էին, որ կանացի հորմոնները` էստրոգենը եւ պրոգեստերոնը կառավարում են կապվածությունները, այդ պատճառով կանանց համար ավելի բարդ է հրաժարվել վնասակար սովորույթներից, քան տղամարդկանց: Առկա տվյալների համաձայն, ձվազատման շրջանում, երբ արյան մեջ պրոգեստերոնի մակարդակն ավելի ցածր է, քան էստրոգենինը, կանանց համար ավելի բարդ է հրաժարվել իրենց սովորույթներից:  Կրիտիկական օրերի ընթացքում կանայք, ընդհակառակը, ուժեղ կապվածություն չեն զգում, այդ պատճառով ավելի հեշտ է ազատվել ծխելուց եւ այլ վնասակար սովորույթներից: 

Հետազոտողները 21-ից 51 տարեկան 38 ծխողի են ուսումնասիրել, որոնք հորմոնային հակաբեղմնավորիչներ չեն օգտագործում: Գործառնական մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի միջոցով գիտնականները փորձել են որոշել, թե գլխուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են պահվածքի համար, ինչպես են փոխազդում   «պարգեւատրման համակարգի հետ»: Փորձարկվողներին երկու խմբի են բաժանել ըստ դաշտանային ցիկլի փուլի. որոշ կանայք ֆոլիկուլյար փուլում են եղել, մյուսների մոտ արդեն կրիտիկական օրերն են եղել:  Արդյունքները ցույց են տվել, որ ձվազատումից առաջ ուղեղի ռացիոնալ պահվածքի համար պատասխանատու հատվածների եւ «պարգեւատրման համակարգի» միջեւ կապը թուլացած է լինում: Համապատասխանաբար այդ ժամանակահատվածում ավելի բարդ է ծխելը թողնելը: Իրականացված հետազոտությունները հաստատում են այն միտքը, թե պրոգեստերոնը բարձրացնում է սովորույթներին դիմադրողականությունը:  

Այս հետազոտությունը հրապարակվել է Biology of Sex Differences ամսագրում, ինչպես նաեւ ներկայացվել է ամենամյա համաժողովին, որը նախապատրաստել էր Սեռական տարբերությունների հետազոտությունների կազմակերպությունը: