Ռուսաստանում թմրակախվածությունից բուժման համար մեթադոնային թերապիա չի կիրառվում: Այդ հարցում Ռուսաստանն ավելի շատ ուղղորդվում է ոչ թե արեւմտյան երկրների փորձով, այլ Ճապոնիայի, որտեղ մեթադոնային թերապիա չի կիրառվում, իսկ բնակչության թմրամոլության մակարդակը շատ ցածր է: Այդ մասին Երեւանում հայտնել է Ռուսաստանի Առողջապահության նախարարության գլխավոր նարկոլոգ Եվգենի Բրյունը:  

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նա պատմել է, որ Ռուսաստանում մեթադոնով թերապիան դիտարկվում է ոչ թե իբրեւ փոխարինող, այլ` լրացնող թերապիա:  Իսկ որպես փոխարինող թերապիա այստեղ կիրառում են օպիոիդ անտոգոնիստներով, օրինակ, նալտրեկսոնով բուժումը:  «Երբ ես հյուր էի UNAIDS-ում եւ ասացի, որ մեզ համար փոխարինող թերպիան մեթադոնով լրացնող թերապիան չէ, այլ անտոգոնիստներով փոխարինող թերապիան, նրանք չհասկացան, թե ես ինչ նկատի ունեմ», - պատմել է նա:

Բրյունի խոսքով, թմրամոլության մեխանիզմը հետեւյալն է. մարդու ուղեղում կան որոշակի ռեցեպտորներ, եւ երբ մենք  դրսից թմրանյութ ենք մատակարարում, օրգանիզմը դադարում է սեփական  էնդորֆիններն արտադրել, այդ պատճառով այդ ռեցեպտորների վրա մշտապես դրսից ազդելու անհրաժեշտություն է առաջանում:

«Ինչ են անում արեւմուտքում 60-ականներից ի վեր. մի արտաքին թմրանյութը վերացնում են եւ դրա փոխարեն ուրիշն են տալիս` մեթադոնը: Մեր տեսանկյունից դա լրացնող թերապիա է, ոչ թե փոխարինող:  Այսինքն` մի թմրանյութի պակասը մյուսով է լրացվում: Իսկ մենք ընթանում ենք փոխարինող թերապիայի ճանապարհով. մենք թմրանյութը անտոգոնիստով ենք փոխարինում: Այսինքն, այդ ռեցեպտորները ոչ թե թմրանյութով ենք փակում, այլ ուրիշ նյութով, եւ թմրանյութի պահանջը նվազում է: Զուգահեռաբար հոգեթերապեւտիկ ծրագիր է իրականացվում», - ասել է նա:  

Ռուսաստանի գլխավոր թմրաբանի գնահատականով, անտոգոնիստներով թերապիայի արդյունավետությունը վերականգնվելու, կյանքի որակի առումով ավելի բարձր է, քան մեթադոնային թերապիայինը:  «Մեթադոնային ծրագրերով, եւ մենք դա գիտենք Ղրիմի օրինակով, թմրակախվածություն ունեցողների մոտավորապես  60 տոկոսը վերադառնում է փողոցային թմրանյութերին», - ասել է նա:

Նրա խոսքով, եթե նախկինում Արեւմուտքում ենթադրում էին, որ մեթադոնով բուժումը սանդուղքի էֆեկտի կհանգեցնի` թմրանյութերից աստիճանական հրաժարման, այժմ այն դիտարկում են բացառապես որպես ՄԻԱՎ-ի տարածումը կանխարգելող միջոց:   «Մեթադոնային թերապիայի վերաբերյալ աշխարհում միակարծիք չեն, բժիշկների ընկերակցությունը կիսվել է, բայց Ռուսաստանում ոչ քաղաքական գործիչները, ոչ բժիշկները այժմ պատրաստ չեն ընդունելու այդ ծրագիրը», - ասել է Եվգենի Բրյունը: 

Նա ներկայացրել է Ռուսաստանում թմրամոլության բուժման փուլերը. դետոքսիկացիա, հոգեբուժական բուժում, հոգեթերապիա եւ վերականգնում, որը ինչպես բժշկական, այնպես էլ սոցիալական բաղադրիչ է ներառում, իսկ երբեմն լինում է ուղղակի աբիլիտացիա. մարդուն հիգիենայի եւ հասարակության մեջ գոյության տարրական կանոններ են սովորեցնում: 

Բրյունի խոսքով, Ռուսաստանում 2013 թվականից գործող շատ կարեւոր ծրագիր է բոլոր դպրոցականների մոտ, 13 տարեկանից սկսած, թմրանյութերի թեստ անցկացնելու ծրագիրը: Այդ թեստավորումը հնարավորություն է տալիս թմրամոլությունն ի հայտ բերել վաղ փուլերում: 

Ռուսաստանի գլխավոր նարկոլոգի գնահատմամբ, Ռուսաստանում 2011-ից ի վեր կարգավորվել է թմրամոլության հետ կապված իրավիճակը, թվերը սկսել են անկում ապրել: Այսօրվա դրությամբ երկրում մոտ  550 000 գրանցված թմրակախվածություն ունեցող մարդ կա (նրանք, ովքեր դիմել են օգնության, խմբ.), գումարած 70 000 ուղղիչ գաղութներում: «Թմրամոլների իրական թվի վերաբերյալ պատկերացում ստանալու համար կիրառվում է որոշակի գործակից, Ռուսաստանում այն հավասար է  2.5-ի, բայց ճշգրիտ թիվը ոչ ոք չգիտե», - ամփոփել է նա: