St. Jude Children's Research Hospital-ի մասնագետները փորձարարական իմունոթերապիա են մշակել, որը փորձարկել են նեյրոբլասթոմայով 34 երեխայի եւ անչափահասի վրա: Հիվանդներից 13-ի մոտ, որոնք ամբողջությամբ անցել էին փորձարարական կուրսը, բուժումից հետո բացակայում էին հիվանդության նշանները:
Վերոհիշյալ կլինիկայից Վեյն Ֆուրմանի խոսքով, դրանք ամենատպավորիչ արդյունքներն են, որ ստացվել են նեյրոբլասթոմայի դեմ պայքարի միջոցների ուսումնասիրման ընթացքում: Բուժման շրջանակում երեխաներին hu14.18K322A հակամարմիններ են ներարկել, որոնք ի վիճակի են ճանաչել GD2 հակագենը, որը տեղակայված է նեյրոբլասթոմայի բջիջների մեծամասնության մակերեւույթին: Այն առկա է նաեւ մելանոմայի, օստեոսարկոմայի եւ փափուկ հյուսվածքների մի քանի սարկոմաների ուռուցքային բջիջների մակերեւույթին: GD2-ն նորմայի մեջ առկա է ծայրամասային նյարդային բջիջների մակերեւույթին:
hu14.18K322A հակամարմիններ ստանալուն զուգահեռ երեխաները նաեւ այլ սահմանված բուժում են անցել` քիմիաթերապիա, ճառագայթում, վիրաբուժական բուժում եւ ոսկրածուծի փոխպատվաստում: Հիվանդների 80 տոկոսի մոտ ուռուցքների չափը կրճատվել է 47-96 տոկոսով, մնացած 20 տոկոսի մոտ ուռուցքային աճը կանգ է առել: Նրանց շրջանում, ովքեր հակամարմիններ չէին ստացել, այլ ընդամենը քիմիաթերապիա էին անցել, ուռուցքի ընդամենը 40 տոկոս նվազում է դիտարկվել: Հետազոտության մասնակիցների 13 տոկոսը մինչ այժմ բուժում է անցնում, իսկ երկուսը, ցավոք սրտի, մահացել են:
Հիշեցնենք, որ նեյրոբլասթոման չարորակ հիվանդություն է, որը հիմնականում վնասում է մինչեւ 5 տարեկան երեխաներին: Եթե հաջողվում է նեյրոբլասթոման հայտնաբերել վաղ փուլերում, հաջող բուժման հավանականությունը հասնում է 90 տոկոսի: Նեյրոբլասթոմայի տարածված տեսակի, ինչպես նաեւ MYCN գենի մուտացիաների հետ կապված ուռուցքների համար կանխատեսումը պակաս բարենպաստ է: Այդ դեպքում երեք տարվա ապրելիությունը 50-60 տոկոս է կազմում:






