Երկրում ալյուրի հարստացման նման լայնածավալ ծրագրեր իրականացնելու համար պետք են դրանց անհրաժեշտության հստակ հիմնավորումներ: Սակայն այս պահին ալյուրի` երկաթով եւ ֆոլաթթվով հարստացման լայնորեն քննարկվող ծրագրի ոչ կողմնակիցները, ոչ հակառակորդները համոզիչ փաստարկներ չունեն: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Համբարձում Սիմոնյանը Հայ օգնության ֆոնդից:  

Նրա խոսքով, երբ խոսքը հանրային առողջապահության ծրագրերի մասին է, որոնք վերաբերում են շատ մարդկանց առողջությանը եւ բարեկեցությանը, դրանք սկսելուց առաջ անհրաժեշտ է ծայրաստիճան մանրակրկիտ ձեւով հետազոտել այդ հարցը` լայնքով եւ երկայնքով, հստակ տվյալներ ստանալ իրավիճակի եւ այն մասին, թե այդ ծրագրերն ինչպես կազդեն դրա վրա: 

Ինքը` Համբարձում Սիմոնյանը, իր խոսքով, իրեն այդ ոլորտում փորձագետ չի համարում եւ չի աջակցում կողմերից ոչ մեկին, սակայն վստահ է, որ ալյուրի հարստացման ոչ հակառակորդները, ոչ կողմնակիցները համոզիչ փաստարկներ չունեն: 

Հիշեցնենք, որ ալյուրի հարստացման ծրագիրը ենթադրում է ալյուրի  80 տոկոսն հարստացնել ֆոլաթթվով եւ երկաթով` լրացնելու մեր սննդում այդ տարրերի պակասը: Նշվում է, որ մանկածնական տարիքի կանանց մոտ ֆոլաթթվի պակասը հանգեցնում է նրան, որ այդ կանայք կարող են նյարդային խողովակի արատով երեխաներ ունենալ, իսկ երկաթի պակասը անեմիայի է հանգեցնում, հիմնականում` կանանց եւ երեխաների շրջանում: Բերվում են վերջին տարիների հետազոտությունների տվյալները, որոնց համաձայն, Հայաստանի բնակչության  37 տոկոսի մոտ անեմիա է դիտարկվում: 

Տվյալ ծրագրի ընդդիմախոսները պնդում են, որ ֆոլաթթվի պակասի հարցը կարելի է լրացնել ոչ թե ալյուրի մեջ պրեմիքսներ լցնելով, այլ 2-րդ եւ 3-րդ տեսակի ալյուրների վերածննդով, իսկ երկաթի պակասի խնդիրը կարելի է լուծել սննդակարգի միս ավելացնելով:  

Ընդդիմախոսները վկայակոչում են նաեւ կանադացի գիտնականների իրականացրած հետազոտությունը, որի համաձայն, մեծ քանակությամբ ֆոլաթթուն կարող է քաղցկեղային բջիջների աճի պատճառ դառնալ: Միաժամանակ տվյալ ծրագրի դեմ հանդես եկող բժիշկները նշում են, որ ֆոլաթթուն հղիներին անհրաժեշտության դեպքում նշանակվում է եւ կարիք չկա այն ավելացնել բոլորի համար, ինչ վերաբերում է երկաթին, նրանք զգուշացնում են, որ դրա պակասը բուժվում է անհամեմատ ավելի հեշտորեն, քան ավելցուկը: