Բելգիացի գեյը փորձում է էվթանազիայի թույլտվություն ստանալ «ծայրահեղ հոգեկան տառապանքների» պատճառով, որոնք նրա սեռական կողմնորոշման եւ պատանիների եւ երիտասարդ տղաների նկատմամբ հակման հետեւանքն են:
Բելգիացին պատմել է, որ 17 տարի բժիշկներին է դիմել` բողոքելով, որ ինքը պատանի եւ երիտասարդ տղամարդկանց նկատմամբ հակում ունի, չնայած կաթոլիկական ընտանիքում դաստիարակությանը: «Ես չէի ուզում գեյ լինել», — լրագրողներին հայտնել է նա: «Եթե ինչ-որ մեկն ինձ գործող դեղ տա, ինչո՞ւ չապրեմ: Բայց այլեւս չեմ հավատում բժշկությանը»:
Սեբաստիանն իր համար ընդունելի միակ ելքը համարում է էվթանազիան: «Ես չեմ վախենում դրանից: Երբ ինձ միացնեն կաթիլայինի սարքին, ինձ համար անզգայացման նման կլինի: Ես միշտ մտածել եմ մահվան մասին: Դա միշտ եղել է իմ մտքերում մշտական տառապանքներից ազատվելու համար», — հայտնել է բելգիացին:
Բելգիայում էվթանազիան օրենսդրորեն թույլատրված է 2002 թվականից: 2013 թվականին հիվանդների թիվը, որոնք կամավոր կյանքից զրկվում էին բժշկական հաստատություններում, 1807-ի է հասել: Ինքնասպանների մեծ մասը տառապում էր անբուժելի հիվանդություններից եւ բժիշկների օգնությամբ կյանքից հեռացածների միայն չորս տոկոսը` հոգեկան խանգարումներից:
Տեղի օրենսդրության համաձայն, հիվանդը կարող է օրինականորեն կյանքից հեռանալ, եթե երկու բժիշկ հաստատեն նրա մշտական եւ անտանելի ֆիզիկական տառապանքները: Համանման հոգեկան տառապանքների դեպքում ինքնասպանության համար երեք բժշկի թույլտվությունն է պահանջվում:
BBC-ն հայտնում է, որ առաջին բժշկից Սեբաստիանն արդեն ստացել է անհրաժեշտ եզրակացությունը:






