Հայաստանի առողջապահության մեջ ամենամեծ խնդիրը, որը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, պետության ստանձնած պարտավորությունների եւ նրա հնարավորությունների անհամապատասխանությունն է: Այդ մասին NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնել է Հայաստանի Առողջապահության նախարարության Առողջապահության գործակալության պետ Սարո Ծատուրյանը` մեկնաբանելով «Թրանսփարենսի Ինթերնեշնլի» զեկույցը Հայաստանի առողջապահության համակարգում կոռուպցիոն ռիսկերի մասին:
Նա նշել է, որ կիսում է տվյալ զեկույցի մի շարք եզրահանգումներ, բայց դրանում կան նաեւ դրույթներ, որոնք վկայում են, որ նրանց փորձագետը խորությամբ չի ուսումնասիրել խնդիրը: «Ամենամեծ խնդիրը, որը համակարգային կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, պետության ստանձնած պարտավորությունների եւ հնարավորությունների անհամապատասխանությունն է: Մենք իրականում փորձում ենք փոքր գումարով բոլորին անվճար սպասարկել: Եթե նայենք պետպատվերից օգտվողների ցուցակները, այնտեղ մտնում է երկրի բնակչության գրեթե կեսը», - ասել է նա:
Սարո Ծատուրյանի խոսքով, Հայաստանը առողջապահության համար հատկացնում է ՀՆԱ-ի 2 տոկոսից պակաս: Մի շարք հետխորհրդային երկրներում` Մոլդովայում, Ղրղզստանում, Ղազախստանում այդ ցուցանիշն առնվազն կրկնակի բարձր է:
«Անբավարար ֆինանսավորման հետեւանքով մենք բուժծառայությունների համար վճարում ենք ցածր գնով` ավելի ցածր, քան բուժհաստատությունը գնահատում է այդ ծառայությունը վճարովի բուժսպասարկման դեպքում: Եվ այստեղ կոռուպցիոն ռիսկեր են ի հայտ գալիս: Մենք դա լավ հասկանում ենք. եթե բուժհաստատությանը ծառայության համար ավելի քիչ ես վճարում, քան այն արժե, բուժհաստատությունը փորձում է պակասը լրացնել հիվանդի հաշվին: Երկրորդը ոչ օպտիմալ կառուցվածքն է. մենք շատ բուժհաստատություններ ունենք, որոնք ամբողջ հզորությամբ չեն աշխատում», - ասել է գործակալության ղեկավարը:
Միաժամանակ, NEWS.am Medicine-ի կողմից հարցված բժիշկները համարում են, որ խնդիրը ոչ միայն եւ ոչ այնքան այն է, որ պետությունը ցածր գնով է վճարում բուժծառայությունների համար, այլեւ այն, որ բուժհաստատությունների շատ ղեկավարներ բժիշկներին տոկոսներ չեն վճարում պետպատվերից: Այսինքն բժիշկների եւ ղեկավարության միջեւ լուռ համաձայնություն է գործում, բժիշկը պետք է ինքը հոգա իր վարձատրության մասին, իսկ դա նշանակում է հիվանդից կողմնակի փող վերցնել:
Հ.Գ. Մինչ նյութը հրապարակման էր պատրաստվում, Հայաստանի Քննչական կոմիտեից հաղորդագրություն ստացվեց, որ Հայաստանի Առողջապահության գործակալության պետ Սարո Ծատուրյանը ձերբակալվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու կասկածանքով։






