Կանոնավոր կերպով մեքենա վարելը կարող է բացասաբար ազդել առողջության վրա: Վարորդների մոտ աճում է սրտային հիվանդությունների եւ ճարպակալման ռիսկը, մասնավորապես` գոտկատեղի շրջանում: Նման եզրակացության են հանգել Ավստրալական կաթոլիկական համալսարանի գիտնականները, որոնց հետազոտությունը հրապարակում է Preventive Medicine-ը:
Հետազոտությանը 35-65 տարեկան 2,8 հազար մարդ է մասնակցել, որոնք ամեն օր առնվազն մեկ ժամ են անցկացնում մեքենայի ղեկին: Բժիշկները չափել են նրանց մարմնի զանգվածի ինդեքսը (ՄԶԻ), արյան մեջ շաքարի մակարդակը եւ գոտկատեղի շրջագիծը:
Պարզվել է, որ նրանց տարեկիցները, որոնք ավելի հազվադեպ են մեքենա վարում, միջինը մեկ ու կես սմ-ով ավելի նեղ գոտկատեղ ունեն եւ 2,3 կգ-ով պակաս են կշռում: Միաժամանակ ճարպակալումից ավելի հաճախ տառապում են տղամարդիկ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հասուն տարիքի մարդկանց խորհուրդ է տալիս ավելի հաճախակի քայլել եւ մեքենային գերադասել հեծանիվը:
Գիտնականներն ավելի վաղ հայտնաբերել էին, որ հասուն տարիքում կանոնավոր կերպով մեքենա վարելը նվազեցնում է դեպրեսիայի ռիսկը եւ դրականորեն է ազդում մարդու հիշողության, ուշադրության եւ ճանաչողական կարողությունների վրա: Բացի այդ, վարորդները չեն դադարում շփվել ընկերների եւ ընտանիքի հետ:






