Լոնդոնցի Աննա Ժիլեսը հագուստի երկու չափս նիհարել է այն բանից հետո, երբ գրեթե երեք տարի առաջ առեղծվածային հիվանդության զոհ է դարձել: Այդ հիվանդության պատճառով աղջիկն օրական 50 անգամ փսխում է, իսկ բժիշկներն առայժմ ոչինչ չեն կարողանում անել դրա դեմ: Աննան բազմաթիվ թեստեր է անցել, սկանավորումներ եւ բազմիցս այցելել է բժշկական տարբեր հաստատություններ, բայց ոչ մի բժիշկ չի կարողացել պարզել չդադարող փսխոցի ճշգրիտ պատճառը:
Այս տարիների ընթացքում բժիշկները բացառել են մի շարք հիվանդություններ, ներառյալ մենինգիտը, ուղեղի ուռուցքը, ալերգիան եւ շրջափուլային փսխոցի համախտանիշը: Աղջիկը ստիպված է եղել դադարեցնել դպրոցում ուսումը, որովհետեւ առավոտներն այնպիսի թուլություն է զգում, որ չի կարողանում անկողնուց վեր կենալ: Այժմ ինքը` Աննան եւ իր ծնողները հուսահատորեն փնտրում են գոնե մեկին, որը կարողանա պարզել այդ առեղծվածային հիվանդության պատճառը եւ կանգնեցնել չդադարող փսխոցը:
«Իմ օրգանիզմն ուղղակի չի պահում ջուրը, նույնիսկ քրեքերները եւ չորահացերը, ես անընդհատ սրտխառնոց ունեմ, ես այնպիսի թուլություն եմ զգում, որ չեմ կարողանում կենտրոնանալ,-պատմել է աղջիկը: Այդ հիվանդությունն ինձ զրկում է իմ կյանքի լավագույն շրջանից` իմ պատանեկությունից: Ես ուղղակի կատաղում եմ, երբ ինչ-որ մեկը ենթադրում է, որ ես անորեքսիայի նման սննդի խանգարում ունեմ: Ինձ պետք չէ ձեր խղճահարությունը, ես բժշկական իրական օգնություն եմ ուզում»:
Բժիշկները սկզբում դա իրոք սննդային խանգարում էին համարում եւ Աննային հարցնում էին, թե արհեստականորեն փսխոց չի՞ խթանել` փորձելով նիհարել: Սակայն աղջիկը հավաստիացնում է, որ միշտ սիրել է ուտել, իսկ նման հարցերը վիրավորական է համարում: Աննան սննդի նկատմամբ ոչ մի բացասական վերաբերմունք չի ունեցել, փոխարենը դա առաջացել է այժմ, որովհետեւ սննդի ամեն ընդունումից հետո նրա սիրտը խառնում է: Աղջիկն ընդգծում է, որ այժմ ինքը ոչ թե ապրում է, այլ գոյատեւում, այնուամենայնիվ, Աննան բժիշկներից հույսը չի կորցնում:








