23-ամյա Եվգենիա Նիկոնովան Բրյանսկից (Ռուսաստան) այսօր ընդամենը 39 կգ է կշռում 178 սմ հասակի պարագայում: Վերջերս նրա մոտ «Բարակ աղիքի վատ կլանման համախտանիշ են ախտորոշել». դա մարսողության, սննդանյութերի տեղափոխման եւ ներծծման գործընթացների խրոնիկական խանգարում է:
Աղջկա հիվանդությունն ի հայտ է եկել թունավորման եւ օրգանիզմ մակաբույծների ներթափանցման ֆոնի վրա: Անցյալ տարվա նոյեմբերին նա էկզոտիկ միրգ է կերել` լոնգան կամ «վիշապի աչք»: Երեկոյան իրեն վատ է զգացել եւ ստիպված են եղել «շտապօգնություն» կանչել: Տեղ հասած բժիշկը թուլությունը, փսխոցները եւ բարձր ջերմաստիճանը վերագրել է սովորական թունավորմանը, նրան ներարկում է արել եւ հեռացել է:
Հաջորդ օրը Ժենյան ինքն է գնացել հիվանդանոց` անալիզներ հանձնելու, որովհետեւ նրա վիճակն ընդամենը վատացել էր: Բժիշկները դարձյալ ոչինչ չեն հայտնաբերել եւ նրան ֆերմենտներ են նշանակել, որից նրա վիճակը չի լավացել:
Շուտով աղջկա օրգանիզմը դադարել է ընդունել եւ յուրացնել սնունդը: Քաշի կտրուկ կորստի եւ թուլության պատճառով Եվգենիան ստիպված է եղել հեռանալ աշխատանքից: Այլեւս իմաստ չուներ հույս դնել տեղի բժիշկների վրա, այդ պատճառով բժիշկները որոշել են աղջկան Մոսկվա տանել: Գարբիչեւսկու ԳՀԻ-ում հիվանդի մոտ մակաբույծներ են հայտնաբերել եւ վատ կլանում են ի հայտ բերել:
«Ես ինձ սարսափ ֆիլմի հերոսուհի էի զգում, երբ ինձանից կծիկներով սկսեցին դուրս գալ երկար, բարակ որդեր: Չեք կարող պատկերացնել, թե ինչ զզվելի է», – տեղի «Դեսնիցա» պարբերականին իր մղձավանջների մասին պատմել է Ժենյան:
Հետագայում պարզվել է, որ աղջկա լյարդում տափակ որդեր են հաստատվել` էպիստորհներ: Իսկ այն դեղամիջոցները, որոնք նրան նախկինում նշանակում էին, ընդամենը վատացրել են իրավիճակը:
«Այժմ իմ լորձաթաղանթը մերկ խողովակ է հիշեցնում: Արյունահոսություն է սկսվել: Ես չեմ կարողանում նորմալ սնվել ուժեղ ցավերի պատճառով: Դրանք ինձ անընդհատ հետապնդում են», - խոստովանել է աղջիկը:
Այժմ Ժենյան ծայրահեղ ծանր վիճակում Նովոսիբիրսկում է` գաստրոէնտերոլոգիայի կենտրոնում: Նրա համար անհատական համալիր բուժական ծրագիր է մշակվել: Իմիջիայլոց, աղջիկը մինչ այժմ չգիտե, թե որն է իր հիվանդության պատճառը. «Ենթադրում եմ, թե այդ մրգի պատճառով է, բայց գուցե այն ուղղակի հրահրել է իրավիճակը: Ասում են, թե որդերն օրգանիզմում հայտնվում են հում ձկից: Ես ընկերուհիներիս հետ սուշի եմ սիրում եւ նախկինում հաճախ էինք սրճարանում պատվիրում դրանք: Գուցե դա է պատճառը...»:
Նիկոնովայի ընկերուհիները օգնության կանչ են տարածել, որովհետեւ նրա ընտանիքը ընդհանրապես բուժման գումար չունի: Իսկ անհրաժեշտ թերապիայի բացակայությամբ վատ կլանումը կարող է զարգանալ եւ մահացու ելքի հանգեցնել: Հունիսի 23-ին Բրյանսկում նախատեսվում է բարեգործական երեկո ացկացնել Եվգենիային օգնելու համար:







