D վիտամինը կարեւոր դեր է խաղում օրգանիզմի կողմից կալցիումի յուրացման գործում, որն անհրաժեշտ է առողջությունը եւ ոսկրերի ամրությունը պահպանելու համար: Որպեսզի օրգանիզմը կալցիում ստանա, անհրաժեշտ է ուտել կալցիումով հարուստ շատ մթերքներ, սակայն որպեսզի այն յուրացվի, օրգանիզմը պետք է D վիտամինի նորմալ մակարդակ ունենա:
Կոլումբիայի համալսարանի Բժշկական քոլեջի (ԱՄՆ) էնդոկրինոլոգիայի բաժանմունքի ղեկավար Ջոն Բիլեզիկյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ այսօր D վիտամինի պակասը խնդիր է շատ երկրներում, այդ թվում նաեւ` Հայաստանում, չնայած Հայաստանն արեւային երկիր է եւ հենց արեւն է համարվում այդ վիտամինի աղբյուրը:
Մասնագետը նշել է, որ օրգանիզմում D վիտամինի պակասը կալցիումի պակասի է հանգեցնում, ինչի հետեւանքով ոսկրերը պակաս ամուր են դառնում եւ տարիքի հետ մեծացնում է կոտրվածքների եւ օստեոպորոզի ռիսկը: Հայաստանում ոսկրերի խտության խնդիրներն այսօր շատ տարածված են, ինչը կարող է նշանակել, որ մարդիկ կամ բավականաչափ կալցիում չեն ստանում, կամ D վիտամինի պակաս ունեն:
Բայց ինչո՞ւ այնպիսի արեւային երկրներում, ինչպիսին Հայաստանն է, մարդիկ D վիտամինի պակաս են ունենում:
Ջոն Բիլեզիկյանի խոսքով, ժամանակակից մարդիկ արդեն արեւից չեն ստանում այդ վիտամինի անհրաժեշտ քանակությունը: Դա բոլորովին էլ այն պատճառով չէ, որ արեւի մեջ ինչ-որ բան փոխվել է. ուղղակի մարդիկ սկսել են վախենալ նրանից եւ ցերեկն ավելի հազվադեպ են տնից դուրս գալիս: Դուրս գալով` նրանք սովորաբար ծածկվում են հագուստով, արեւապաշտպան միջոցներ են օգտագործում, ամեն կերպ ջանում են խուսափել մաշկի վրա արեւի ճառագայթների ընկնելուց, ինչպես նաեւ վախենում են արեւայրուքից եւ մելանոմայից:
Բացի այդ, շատ քաղաքներում օդն այնքան աղտոտված է, որ արեւի ճառագայթներն ուղղակ չեն անցնում մգացած օդի խիտ շերտի միջով եւ չեն հասնում մեզ, նշել է մասնագետը:
Եվ քանի որ սննդամթերքում D վիտամինը շատ քիչ է, ստացվում է, որ շատ մարդիկ այսօր ոչ սննդից, ոչ արեւից չեն ստանում այն: Արդյունքում նրանք առողջության պահպանման եւ կալցիումի յուրացումը բարելավելու համար ստիպված են լինում արհեստական D վիտամին ընդունել որպես սննդային հավելում:






