Գիտնականները ՄԻԱՎ-ով տառապող հիվանդների բուժման համար անվտանգ եւ խոստումնալից բուժում են գտել՝ պարզապես փոխելով գեները նրանց արյան մեջ: Արդյունքները հույս են տալիս, որ մի գեղեցիկ օր մարդիկ իրենց ՄԻԱՎ-ը վերահսկելու համար դեղերի կարիք չեն ունենա:

Այդ միտքը պատահաբար է ծնվել, երբ 7 տարի առաջ Բեռլինում ՄԻԱՎ-վարակակիր հիվանդին բջջային փոխպատվաստում են արել ՄԻԱՎ-ի դեմ բնածին իմունիտետ ունեցող դոնորից: Մարդկանց միայն 1%-ն ունի այդ գենի երկու կրկնօրինակը, որն օրգանիզմն ապահովում է այդպիսի պաշտպանությամբ:

Հետազոտությունը կատարվել է 12 հիվանդների շրջանում՝ Փենսիլվանիայի համալսարանի բժիշկ Կարլ Ջունի ղեկավարությամբ, հայտնում է Newsmax Health-ը:

ՄԻԱՎ-ը սովորաբար արյան բջիջները վարակում է CCR5 սպիտակուցի միջոցով: Քալիֆորնիայի Sangamo BioSciences ընկերությունը դեղամիջոց է արտադրում, որն անջատում է CCR5 արտադրող գենը:

ՄԻԱՎ-ով հիվանդ 12 մարդու արյունը զտել են, որպեսզի որոշ բջիջներ անջատեն: Լաբորատորիայում այդ բջիջներին նյութ են ավելացրել, որն անջատում է գենը, եւ բջիջները վերադարձրել են արյան մեջ:

4 շաբաթ հետո հիվանդների կեսը դադարել է ընդունել ՁԻԱՀ-ի դեմ դեղամիջոցը՝ պարզելու համար գենային թերապիայի արդյունավետությունը: Վիրուսը նորից ի հայտ է եկել բոլոր հիվանդների դեպքում՝ բացի մեկից, բայց փոխված բջիջներն արդեն պաշտպանված են եղել ՄԻԱՎ վարակից:

«Մենք գիտեինք, որ վիրուսը հետ կգար հիվանդների օրգանիզմ, բայց հույս ունեինք, որ վերջնական արդյունքում մոդիֆիկացված բջիջներն ավելի շատ կլինեին, քան մնացածները, հիվանդը կկարողանար վիրուսային մակարդակները վերահսկել առանց դեղերի», ասում է հետազոտողներից մեկը՝ Պաբլո Թեբասը: Բժիշկներն այդպիսի բուժումն անվանում են «գործառնական», որովհետեւ վիրուսը դեռ կա օրգանիզմում, բայց զսպվում է առանց բուժման:

Միակ հիվանդը, որի դեպքում վիրուսը չի կրկնվել, արյան մեջ պաշտպանական գենի կրկնօրինակ է ունեցել, այդպիսով, «բնությունն արդեն գործի կեսն արել է», ասում է Թեբասը:

53-ամյա Ջեյ Ջոնսոնը, որը Ֆիլադելֆիայի Action AIDS ընկերությունում որպես փաստաբան է աշխատում, ավելի քան 3 տարի առաջ փորձնական բուժում է ստացել: Չնայած վիրուսը նորից հայտնվել է, երբ նա դադարել է դեղ խմել՝ թեստերը ցույց են տվել, որ նրա արյան մեջ մոդիֆիկացված բջիջները դեռ ավելանում են:

«Հույս ունեմ՝ մի գեղեցիկ օր կկարողանամ ասել, որ ՄԻԱՎ-ը բացասական է»,- ասում է նա: